Մատչելիության հղումներ

Գիտաշխատողները պահանջում են ուշացած աշխատավարձը





Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջեւ երկուշաբթի օրը մոտ 300 գիտաշխատողներ արտոնված հանրահավաք էին կազմակերպել՝ պահանջելու ուշացած աշխատավարձը: Թեմատիկ ֆինանսավորում ունեցող շուրջ 40 ինստիտուտների գիտաշխատողները դեկտեմբերից ի վեր չեն ստացել հասանելիք չնչին աշխատավարձը:

Գիտաշխատողները հանրահավաք անցկացնելու թույլտվություն էին ստացել քաղաքային իշխանություններից, ու թեեւ ակադեմիայի նիստերի դահլիճում ԳԱԱ միացյալ արհմիութենական կոմիտեի նախագահ Կիմա Միքայելյանը հայտարարեց, որ 2 ամսվա աշխատավարձը արդեն իսկ տրվել է ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանի՝ կառավարության հետ վարած բանակցությունների շնորհիվ, եւ գիտաշխատողները վաղը արդեն կստանան այն, բողոքողները չանսացին նրա հորդորներին եւ անցկացրին արտոնված հանրահավաքը՝ 5 րոպեով փակելով Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը:

«Այս ակցիան ոչ միայն աշխատավարձի համար է՝ ընդհանրապես գիտությունը այս երկրում պահպանելու համար է», - ասաց գիտաշխատողներից մեկը:

Ավելի կտրուկ էր Օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Գեւորգյանը: «Այս կառավարությունը, այս նախագահը... աշխատում են գիտությունը որպես էլեմենտ վերացնել Հայաստանից», - ասաց նա:

Գիտաշխատողների աշխատավարձը ներկայումս չնչին է՝ 10-15 հազար դրամ: Այդուհանդերձ, գիտաշխատողներից մեկը ասաց. «Սա միայն նյութական խնդիր չէ: Սա խփում է ակադեմիայի բուն հիմքերին»:

ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը անիմաստ է համարում նման հավաքները: Նա, ի տարբերություն բողոքավորների, լավատես է. «Վիճակը շատ ծանր էր, բայց կարգավորվում է: Հիմա երկու ամսվա աշխատավարձը տվել են, եւ մինչեւ այս ամսվա վերջը կտան լրիվ պարտքերը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Ակադեմիայի թեմատիկ ֆինանսավորումը ընդգրկված է բյուջետային «Այլ ծախսեր» հոդվածում, ինչը Ֆադեյ Սարգսյանի բնորոշմամբ, «ապուշության գագաթնակետն» է: «Պետք է լինի բազային ֆինանսավորում, պետք է լինի ծրագրային-նպատակային ֆինանսավորում», - ավելացրեց ԳԱԱ նախագահը:

Այդ ամենը կարգավորված է «Գիտության մասին» օրենքով, որը պետք է ուժի մեջ մտնի 2003 թվականից: «Հենց որ «Գիտության մասին» օրենքը լրիվ սկսեց աշխատել՝ կկարգավորվի: Որովհետեւ գիտությունը պետք է ֆինանսավորվի ոչ թե մնացորդային սկզբունքով, այլ՝ առաջնահերթ», - ասաց Ֆադեյ Սարգսյանը:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG