Մատչելիության հղումներ

Մաքսային մուտքերն ապահովելու համար պետք է ուժեղացնել վարչարարությունը, ասում է մաքսային կոմիտեի նախագահը


Մաքսային պլանը, անցած տարվա համեմատությամբ, բյուջետային մուտքերի մեջ ավելացվել է 7,5 միլիարդ դրամով: Սակայն, մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի ամենահամեստ հաշվարկներով անգամ, առնվազն 7,5 միլիարդ դրամի ապրանք էլ պակաս է մտնելու հանրապետություն, ինչը պայմանավորված է տեղական արտադրության աճով:

«Չի ներկրվում ձու: Զգալի նվազել է մասնատված հավի ներկրումը: Համարյա զրոյականի է հասնում հավի ներկրումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Արմեն Ավետիսյանը:

Իսկ հանրապետություն մտնող ապրանքներից մաքսային մուտքերի 41 տոկոսն ապահովվում է բենզինից ու ծխախոտից: Եվ քանի որ մնացած 59 տոկոս ապրանքատեսակների մի շոշափելի մասի դեպքում էլ տեղական արտադրության զգալի աճ է նկատվում, ինչը նշանակում է, որ ներկրվող նույն ապրանքատեսակները մրցունակ չեն լինելու, ապա մաքսային ծառայությունը այս տարի «մոտ 14-15 միլիարդի խնդիր ունի լուծելու»:

Մաքսային կոմիտեի նախագահի կարծիքով, դա հնարավոր է անել գնային ճկուն քաղաքականության եւ վարչարարության ուժեղացման շնորհիվ:

Իսկ ինչ վերաբվերում է մաքսանենգությանը, Արմեն Ավետիսյանը այստեղ բազմաթիվ խնդիրներ է տեսնում: Միայն Վրաստանի հետ 170 կմ սահմանով անցնում է 62 տարանցիկ ճանապարհ, որոնց վերահսկումը մեծ բարդություների հետ է կապված:

Ընդամենը մի քանի օր առաջ կառուցվածքային փոփոխության է ենթարկվել մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը: Եթե մինչ այդ տեղերում գործում էին մաքսանենգության դեմ պայքարի տարածաշրջանային բաժիններ, ապա հիմա վերջիններիս կազմում առանձնացվել են բաժանմունքներ՝ ըստ մաքսային կետերի: Այդ բաժանմունքները, ինչպես պարզաբանեց Արմեն Ավետիսյանը, պատասխանատու են ոչ միայն տվյալ մաքսակետի համար, այլեւ այն շրջանցող տարանցիկ ճանապարհների համար:

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի համաձայն,Հայաստանում տնտեսության մեջ գոյություն ունի 40-60 տոկոս ստվերային շրջանառություն: Մաքսային կոմիտեի նախագահը բացառեց, թե այդ հարաբերակցությունը կարող է պահպանվել նաեւ մաքսային ոլորտում:

Մաքսային կոմիտեի նախագահի համոզմամբ, իրականությանը չեն համապատասխանում պաշտոնական Բաքվի պնդումները, թե Հայաստանը թմրանյութերի մաքսանենգության տարանցիկ ուղի է՝ փաստարկելով, որ, նախ՝ Հայաստանը նարկոբիզնեսի լուրջ շուկա չի կարող լինել, եւ ապա՝ Իրանից դեպի մեծ շուկաներ կան ավելի հեշտ հաղթահարելի ուղիներ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG