Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է ՀՀՇ վարչության բողոքը


Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ուրբաթ օրը մերժեց Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության դիմում-բողոքը այդ կուսակցության կողմից առաջադրված Վանո Սիրադեղյանին Տավուշի մարզում գտնվող թիվ 75 ընտրատարածքում որպես պատգամավորության թեկնածու գրանցված ճանաչելու մասին:

Դիմումում փաստարկված էր, թե Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովը նիստը վարել է օրենքի բացահայտ խախտումներով. ՀՀՇ կողմի տվյալներով, քվորում չի ապահովվել, թեկնածու առաջադրվածների ներկայացրած ստորագրությունները թռուցիկ են ստուգվել եւ, որ ամենակարեւորն է, Վանո Սիրադեղյանին չեն գրանցել՝ առանց քննարկելու եւ քվեարկելու:

Մարզային հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ, մինչդեռ, գրված է. «Վանո Սիրադեղյանի փաստաթղթերը թերի լինելու պատճառով պատգամավորության թեկնածուի գրանցման հարցը չդրվեց քվեարկության: Բացակայում էր վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը»:

ՀՀՇ ներկայացուցիչները փաստարկում են, որ եթե պահանջվող մյուս 8 փաստաթղթերը ներկայացված էին, իսկ բնակության վայրի մասին էլ ինչ-որ տեղեկանքներ եղել են (հարեւաններից, Ազգային Ժողովից, ՀՀՇ-ից եւ այլն), ապա Սիրադեղյանին գրանցել-չգրանցելու հարցը պետք է որոշվեր առնվազն քվեարկությամբ: Իսկ հակառակ դեպքում՝ հանձնաժողովը մեղադրվում է անգործության մեջ: Այս մեղադրանքով ՀՀՇ վարչությունը հայց է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, որի վճիռն արդեն կլինի վերջնական:

ԿԸՀ-ն, այնուամենայնից, որոշեց կազմել հանձնախումբ՝ Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովի գործողությունների օրինականությունը ստուգելու նպատակով:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG