Մատչելիության հղումներ

Ստեղծվեց Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը


Ուրբաթ օրը տեղի ունեցավ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի հիմնադիր համագումարը: Անցած դեկտեմբերից ուժի մեջ մտած «Առեւտրաարդյունաբերական պալատի մասին» օրենքի համաձայն հիմնված 11 մարզային պալատները միավորվեցին հանրապետական կառույցի մեջ:

Առեւտրաարդյունաբերական պալատի ծնունդը ողջունելու էր եկել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա ասաց, թե արդեն 10 հազար տնտեսավարող սուբյեկտներ տեղերում անդամակցել են մարզային պալատներին, ու դա լուրջ թիվ է։ Կառավարությունն էլ օգնելու է նորաստեղծ կառույցին:

«Ցանկացած հարց բարձրացրեք, եւ այդ հարցերը կքննարկենք ու կփորձենք ընդհանուր ուժերով լուծումներ գտնել», - ասաց վարչապետը:

Առեւտրաարդյունաբերական պալատը կոչված է առաջին հերթին պաշտպանելու գործարարների շահերը։ Այստեղ, ըստ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի, կարելի է լավայունս զուգակցել թե' խոշոր եւ թե' փոքր բիզնեսի շահերը:

«Կարեւորագույնը պալատի գործունեության մեջ այն է, որ փոքր ձեռնարկատերը եւ խոշոր ձեռնարկատերը հավասար իրավունքներով մասնակցում են այդ կառույցի աշխատանքներին», - ասաց նախարարը:

Կարեն Ճշմարիտյանը նաեւ ասաց, թե հազարավոր փոքր ընկերությունների հետ մեկտեղ պալատի անդամներ են դարձել նաեւ տասնյակ խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Աշտարակ կաթ»-ը, «Վիասֆեր տեխնոպարկ»-ը եւ այլն:

Պալատի նախագահ ընտրվեց Երեւանի Շենգավիթ համայնքի ղեկավար Մարտին Սարգսյանը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG