Մատչելիության հղումներ




Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Հայաստանի նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանը կրկին պնդեց, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ապրիլի 2-ին անցկացրած մրցույթը, որի արդյունքում «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը զրկվեց իր զբաղեցրած 37-րդ դեցիմետրային կապուղուց, անցկացվել է օրենքի շրջանակներում:

Ասուլիսում Վահե Գաբրիելյանը ջանում էր մեկ անգամ եւս ապացուցել իշխանությունների տեսակետը, թե խոսքի, մամուլի ազատության ճնշումներ Հայաստանում չկան:

Նախագահի խոսնակը բավականին մեծ անդրադարձ կատարեց օրենսդրությանը: Այստեղ նրա հիմնական ասելիքն այն էր, որ մի կողմից հասարակությունը պնդում է, որ մեզ օրենքներ են պետք, իրավական պետություն է պետք, իսկ մյուս կողմից՝ օրենքի կիրառումը դժգոհություն է առաջացնում:

Նրա խոսքերով, երկար քննարկումներից, որոշ շտկումներից հետո «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն ընդունվել է, ըստ այդ օրենքի մրցույթ է անցկացվել, եւ «Ա1+» հեռուստաընկերությունը չի հաղթել:

«Ո՞րն է այստեղ խնդիրը: Իրավական տեսակետից խնդիրը չի երեւում», - ասաց Վահե Գաբրիելյանը: - «Իշխանությունների տեսակետն այն է, որ եղել է օրենք, ընդունվել է, քննարկվել է, հիմա պիտի օրենքը կիրառվի»:

Փաստորեն հարցը տեղայնացնելով զուտ իրավական դաշտում, փորձ է արվում ընդդիմախոսներին զրկել լուրջ առարկություններից: Ըննդիմությունը դա զգում է, եւ իր հերթին հայտարարում, թե երկրի նախագահը, իշխանությունները մեղքը գցում են անկատար օրենսդրության վրա, այնինչ անկախ հեռուստաընկերությանը փակվել է նախագահի հրահանգով:


Ըստ նախագահի խոսնակի, Հայաստանում ընտրարշավը դեռ չի սկսվել, բայց իրադարձությունները դիտարկելի են հենց այդ տեսակետից: Նրա խոսքերով, մրցույթի շուրջ բարցրացված աղմուկը պայմանավորված չէ «Ա1+»-ի շահերի պաշտպանությամբ:

«Պայմանավորված է այս իրադարձությունից, որը հերթական պատեհ իրադարձությունն է ընտրությունների նախաշեմին՝ քաղաքական դիվիդենտներ շահելով», - բառացիորեն ասաց Վահե Գաբրիելյանը:

Անդրադառնալով փաստին, որ Հայաստանում խոսքի ազատության սահմանափակումների կապակցությամբ մտահոգություն են արտահայտել նաեւ որոշ միջազգային կազմակերպություններ, նախագահի խոսնակը ասաց, թե միջազգային կազմակերպությունների եւ փորձագետների կարծիքները երբեմն շտկվում են այն բանից հետո, երբ նրանց ներկայացվում է ամբողջ տեղեկատվությունը:

Ապրիլի 2-ի մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու՝ «Ա1+»-ի հայցով գործը ներկայումս տնտեսական դատարանում է: Հեռուստաընկերությունը գտնում է, որ մրցույթը խախտումներով է անցկացվել:

«Մեր համոզմամբ, ազգային հանձնաժողովը գործել է օրենքի սահմաններում», - այսօր էլ կրկնեց Վահե Գաբրիելյանը: Իսկ հարցին, թե նման տեսակետ հայտնելը արդյոք ճնշում չէ՞ դատարանի վրա, պատասխանեց. - «Ոչ, կարծիք է»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG