Մատչելիության հղումներ

Սլովենիայի արտգործնախարարը ավարտեց տարածաշրջանային այցը


Սլովենիայի Հանրապետության արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի պաշտոնական այցը Հայաստան նրա տարածաշրջանային այցի վերջին փուլն էր, որի հիմնական նպատակը 2005 թվականին ԵԱՀԿ-ում նախագահելու այդ երկրի թեկնածությունը «ներկայացնելն ու նկարագրելն էր»:

Այդ նպատակին հետամուտ՝ Սլովենիայի արտգործնախարարը տարածաշրջանի 3 մայրաքաղաքներում էլ ներկայացրել է իր երկրի դրական փորձը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կազմում:

«Մենք նկարագրել էր ու ներկայացրել ենք մեր թեկնածությունը ԵԱՀԿ-ում 2005 թվականին նախագահելու համար», - այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ բանակցությունների ավարտին տված մամուլի ասուլիսում ասաց Դիմիտրի Ռուպելը:

Այցի շրջանակներում ստորագրվել է արձանագրություն՝ «Հայաստանի Հանրապետության եւ Սլովենիայի Հանրապետության ԱԳՆ-երի միջեւ համագործակցության մասին»:

Սլովենիան կարող է գործնական օգնություն ցույց տալ Հայաստանին: Այդ երկիրը ԱՄՆ-ի եւ եվրոպական մի շարք երկրների հետ ստեղծել է ականազերծման միջազգային կազմակերպություն, որի նստավայրը Լյուբլյանայում է: Այդ կազմակերպությունը պատրաստ է օգնել Հայաստանի կառավարությանը որոշ տարածքներ ականազերծելու գործում: Դիմիտրի Ռուպելի վկայությամբ, այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վարդան Օսկանյանի հետ:

Սլովենիան դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դիմիտրի Ռուպելը ասաց, որ ինքն այսօր եղել է Ցեղասպանության թանգարանում, խորապես տպավորվել է ու այդ մասին զեկուցելու է Սլովենիայում: Դրանից հետո իրենց մասնագետները կորոշեն, թե այդ հարցում ինչ աջակցություն կկարողանա ցույց տալ պաշտոնական Լյուբլյանան:

Հայաստանի արտգործնախարարը այդ առնչությամբ պարզաբանեց, որ Հայաստանը, հակառակ Թուրքիայի, առանց որեւէ նախապայմանի պատրաստ է երկխոսության: Մինչդեռ վերջինս, որպես նախապայման դնելով Ղարաբաղի խնդիրը , խոչընդոտ է հարուցում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ճանապարհին:

Դիմիտրի Ռուպելի գլխավորած պատվիրակությանը այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել եվրաինտեգրացման գործընթացների, միջազգային կարեւորագույն խնդիրների վերաբերյալ: Անդրադարձել է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG