Մատչելիության հղումներ

«Հայկական ավիաուղիներ»-ը վարձակալում է նոր ինքնաթիռ


«Հայկական ավիաուղիները» պայմանագիր է կնքել եվրոպական «Վի Ջի Էյրլայնս» ընկերության հետ, եւ մայիսի 26-ից դեպի Եվրոպա միջազգային թռիչքների մեծ մասը կիրականացվի «Էյրբաս 330» ինքնաթիռով, որը ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սերժ Մանուկյանը, «բոլոր չափանիշներով համապատասխանում է ներկայացվող պահանջներին»:

«Հայկական ավիաուղիներ»-ի ունեցած 14 օդանավերից ոչ մեկն այլեւս Ամստերդամում վայրէջք կատարել չեն կարող, քանի որ ապրիլի 1-ից արգելվում են որոշակի ձայնային չափանիշների չհամապատասխանող ինքնաթիռների թռիչքները դեպի Եվրոպա:

Մեր ինքանթիռները, ինչպես հայտնի է, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին առաջինը ձայնային տվյալներով , ապա նաեւ օդային բախումներից պահպանող եւ ուղղաձիգ միջավայրում աշխատանք ապահովող համակարգերի բացակայության պատճառով: Դրանք ներդրված են միայն նախագահական «Տու-134» ինքնաթիռի վրա, որը սակայն նույնպես ձայնային չափանիշներով հեռու է քաղավիացիայի միջազգային կազմակերպության պահանջներից:

Խորհրդային արտադրության ինքնաթիռներ ընդունելուց Ամստերդամը հրաժարվել է:Նույնպես խիստ պահանջներ ներկայացնող Փարիզն ու Ֆրանկֆուրտը դեռեւս ներողամիտ են, սակայն հայտնի չէ, թե որքան ժամանակ կշարունակեն մնալ այդպիսին:

«Տու-134 Մ» ինքնաթիռը թեեւ մոդիֆիկացված է, սակայն նույնպես ձայնային առումով կաղում է: Եվ դա է հիմնական պատճառը, որ մեզ Ամստերդամի փոխարեն առաջարկվել է Ռոտերդամ քաղաքը», - ասաց Սերժ Մանուկյանը:

«Տու-134Մ» ինքնաթիռը վարձակալվել է այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ խափանվել էր «Հայկական ավիաուղիներ»-ի ունեցած միակ «Էյրբաս 310» ինքաթիռի շարժիչը:

Դեպի Ռոտերդամ առաջին չվերթը նախատեսվում է առաջիկա կիրակի: Սակայն, ամենայն հավանականությամբ, այն չի կայանա, քանի որ հայկական կողմը, նկատի ունենալով, որ Ամստերդամ մեկնողներին այնքան էլ հարմար չէ ճանապարհի կեսը անցնել ավտոբուսով, կարող է հրաժարվել այդ տարբերակից: Սերժ Մանուկյանի խոսքերով, բանակցություններ են ընթանում այդ հարցը հարթելու համար:

Ամստերդամ, Ֆրանկֆուրտ եւ Փարիզ մեկնողների մեծ մասը շարունակում են ճանապարհը դեպի Միացյալ Նահանգներ: Մանուկյանը տեղեկացրեց, որ ուղեւորները մեծ պրոբլեմներ չեն ունենա, քանի որ նոր չվերթ է բացվում Երեւան - Բրյուսել- Լոս Անջելես ուղղությամբ՝ արդեն նոր «Էյրբաս 330»-ով , որն ի վիճակի է 250-300 ուղեւոր տեղափոխել:

Նոր «էյրբասը» կշահագործվի համատեղ եւ շահույթը կկիսվի, սակայն ինքնաթիռը կմնա «Վի Ջի Էյրլայնս» ընկերության սեփականությունը:

«Շաբաթական պլանավորվում է թռչել 3 անգամ Երեւան - Բրյուել - Լոս Անջելես եւ հակառակ ուղղությամբ, իսկ շաբաթվա մյուս ազատ օրերին նույն ինքնթիռը կօգտագործվի նաեւ Երեւան - Փարիզ, Երեւան - Մոսկվա ուղղությունների համար», - ասաց Սերժ Մանուկյանը:

Ուղեւորափոխադրման ծավալները 2001 թվականին կազմել են 780 հազար ուղեւոր, այն դեպքում, երբ 1990 թվականին այդ թիվը կազմում էր մոտ 1 մլն 800 հազար:

Այս տարվա մայիսի 18-ից «Զվարթնոց» օդանավակայանի ողջ համալիրը 50 տարով հավատարմագրային կառավարման է հանձնվում արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանի «Աէրոպուեռտոս Արգենտինա» ընկերությունը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG