Մատչելիության հղումներ




Այսօր հանդիսավորությամբ նշվեց Խորհրդային Հայաստանի երկարամյա ղեկավար, Հայաստանի Երրորդ հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին սպանված Կարեն Դեմիրճյանի ծննդյան 70-ամյակը:

Կոմիտասի այգում գտնվող պատթեոնում Կարեն Դեմիրճյանի շիրմաքարը ամբողջապես ծածկված էր ծաղիկներով ու ծաղկեպսակներով: Ծաղկեպսակներ կային Հայաստանի նախագահի, կառավարության, Ազգային ժողովի, տարբեր քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների կողմից:

Պանթեոնում էր կառավարության ողջ կազմը, բացառությամբ ուժային նախարարների: Նախագահ Քոչարյանը, թեպետ պանթեոն չէր եկել, սակայն ներկա էր «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում կազմակերպված միջոցառմանը:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ եթե Կարեն Դեմիրճյանը կենդանի լիներ, «այսօր որոշակի խնդիրներ իրենց լուծումը ստացած կլինեին»:

«Չմոռանանք, որ հոկտեմբերի 27-ը շատ բաներ հետ գցեց», - ասաց վարչապետը, ավելացնելով, որ ոչ թե ընթացքներն են այժմ հակառակ ուղղությունը բռնել, այլ ժամանակի կորուստ ենք ունենում:

«Կարեն Դեմիրճյան» կենտրոնում ունեցած հուշ-միջոցառումը, որին ներկա էին նախագահ Քոչարյանն ու Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, բացեց հոբելյանի անցկացման պետական հանձնաժողովի նախագահ, Կարեն Դեմիրճյանի բազմամյա գործընկեր, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը:

Կարեն Դեմիրճյան պետական գործչի գործունեությունը ներկայացրած Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը իր խոսքը եզրափակեց, փոխանցելով Կարեն Դեմիրճյանի պատգամը, թե ինչ պիտի հիշի ամեն մի իշխանավոր. «Նախ, նա իշխում է մարդկանց, երկրորդ, որ իշխան է՝ օրենքի լծի տակ, երրորդ, որ միշտ չի հիշվելու»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG