Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում նախապատրաստվում է ծխախոտի հեռուստագովազդը արգելող օրինագիծ


Խորհրդարանի սոցիալական հանձնաժողովը օրերս շրջանառության մեջ է մտցնելու եւ մեկ ամսվա ընթացքում մեծ օրակարգ կմտցնի ծխելու դեմ պայքարի ուժեղացմանը միտված մի օրինագիծ, որով առաջարկվելու է արգելել ծխախոտի գովազդը հեռուստատեսությամբ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը, առաջարկվելու է նաեւ հեռացնել ծխախոտ գովազդող վահանակները դպրոցների, հանգստյան տների եւ հիվանդանոցների շրջակայքից:

«Գովազդի մասին» օրենքը Հայաստանում գործում է 1996 թվականից, սակայն մինչեւ օրս ձեւավորված չէ այս ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմին:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը իրականացնում է նման վերահսկողության որոշակի գործառույթներ միայն՝ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի ձեւակերպմամբ՝ «այնքանով, որքանով նախատեսված է հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրությամբ»:

Հայաստանի առողջապահության նախարարության անցկացրած մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ միայն ծխախոտի եւ ոգելից խմիչքների գովազդի գրեթե չվերահսկվող դաշտում առկա են բազմաթիվ խախտումներ: Մոնիտորինգն ընգրկել է բոլոր հայաստանյան հեռուստաընկերությունների եւ Հայաստանում վերահեռարձակվող ռուսաստանյան հեռուստաալիքների գովազդի ծածկույթը:

Աշխարհում ընդունված համամասնությունը՝ մեկ ժամվա ընթացքում ցուցադրել 6-10 րոպե գովազդ, Հայաստանում հասել է 20-25 րոպեի: Ոգելից խմիչքներն ու ծխախոտը, ըստ «Գովազդի մասին» օրենքի արգելված է գովազդել 9.00-ից մինչեւ 21.00: Օրենքի այս դրույթը խախտում են Հայաստանի հանրային հեռուստատեսությունը եւ «Արմենիա» հեռուստաընկերությունը, ինչպես նաեւ վերահեռարձակվող ռուսաստանյան «Օ-Էռ-Տե», «Էն-Տե-Վե» եւ «Էռ-Տե-Էռ» հեռուստաընկերությունները:

Առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ արձանագրվել են նաեւ այլ խախտումներ: Դրանցից առավել կոպիտներից է երեխաների ընդգրկումը ծխախոտ կամ խմիչք գովազդող տեսահոլովակներում: Թաքնված գովազդ են գնահատվել «Գրանդ Տոբակո»-յի «Դադարեցնենք ծխախոտի գովազդը» հակագովազդային մուլտիպլիկացիոն հոլովակները:

«Մինչեւ այս տարեսկիզբ անբարեխիղճ գովազդատուներին պատասխանատվության ենթարկելու իրավասություն հանձնաժողովը չի ունեցել, քանի որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ-օրենքը ուժի մեջ է մտել միայն հունվարի 1-ից», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Գրիգոր Ամալյանը, ավելացնելով, որ ձեռնպահ են մնացել դրանով զբաղվելուց մինչեւ հաճախությունների մրցույթի ավարտը՝ «որպեսզի հարցն ավելորդ չքաղաքականացվի», իսկ այժմ լրջորեն անդրադառնալու են այդ զանգվածային խախտումներին:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG