Մատչելիության հղումներ

«Ա1+»-ի հայցով դատական նիստը հետաձգվեց, իսկ ԱԺ արտահերթ նիստը տապալվեց





Տնտեսական դատարանը այսօր սկսեց լսել ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անցկացրած մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին «Ա1+» անկախ հեռուստաընկերության հայցը: Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ-օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրակարգով, տեղի չունեցավ՝ քվորումի բացակայության պատճառով:

«Ա1+»-ը վիճարկում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը՝ փաստարկելով, որ այդ մարմինը մրցույթն անցկացրել է բազմաթիվ խախտումներով:

Տնտեսական դատարանի առաջին նիստը սահմանափակվեց ընթացակարգային գործառույթներով: Դատավոր Նախշուն Տավարածյանը ճշտեց ընդամենը, թե ովքեր են պաշտպանելու «Ա1+»-ի եւ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի շահերը:

«Մելտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (որի մեջ է մտնում է «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը), շահերը կներկայացնեն 4 փաստաբաններ, իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովինը՝ «Ինտերնեշնլ լիգըլ քընսալտինգ» իրավաբանական ծառայության ներկայացուցիչները:

Այնուհետեւ դատավոր Տավարածյանը ծանուցեց, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգայի հանձնաժողովի կողմից սույն թվականի ապրիլի 15-ին ներկայացվել է «Մելտեքս» ՍՊԸ դիմումի պատասխանը, ինչին ծանոթանալու եւ իր առարկությունները ներկայացնելու համար հայցվոր կողմին օրենքով տրվում է եռօրյա ժամկետ: Եվ քանի որ պատասխանը ընդամենը երեկ էր ներկայացվել՝ որոշեց հետաձգել նիստը:

Դա առաջացրեց ներկաների խիստ դժգոհությունը, որոնք դատավորին «պատվեր կատարելու» մեջ մեղադրելուց բացի, պահանջում էին, որ «Ա1+»-ի հեռարձակումը 37-րդ դեցիմետրային կապուղով վերականգնվի՝ մինչեւ դատարանի վճիռը:

«Նիստը տեղի չունեցավ, եւ առավել եւս՝ կողմերին հնարավորություն չտրվեց անելու իրենց միջնորդությունները», - նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ա1+»-ի շահերը ներկայացնող փաստաբաններից Լեւոն Բաղդասարյանը, ավելացնելով, որ իրենք միջնորդելու էին վերականգնել «Ա1+»-ի հեռարձակումը՝ մինչեւ դատարանի վճիռ կայացնելը:

Սակավախոս էր նաեւ «Ինտերնեշնլ լիգըլ քընսալտինգ» իրավաբանական ծառայության ներկայացուցիչ Էդիթ Խաչատրյանը, որը նախկինում Ամերիկայի հայկական համագումարի երեւանյան գրասենյակի տնօրենն էր: «Մենք որեւէ մեկնաբանություն այսօր չենք ուզում ներկայացնել, քանի որ դատը հետաձգվել է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա, փոխարենը փոխանցելով մի փաստաթուղթ, ուր հիմնավորվում է, թե ըստ օրենքի է կատարված «Ա1+»-ի հեռարձակման դադարեցումը:

«Ինտերնեշնլ լիգըլ քընսալտինգ»-ը հիմնականում իրավաբանական ծառայություններ է մատուցում Հայաստանում ներդրումներ անող ֆիզիկական ու իրավաբանական անձանց:

Իսկ Ազգային ժողովում այսօր երեկոյան պետք է տեղի ունենար արտահերթ նիստ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ-օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրակարգով: Առաջարկվող փոփոխություններից հիմնականն այն է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներին նշանակի ոչ թե նախագահը, այլ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը՝ իրենց ներկայացուցիչներից:

Նախաձեռնության հեղինակներին հաջողվել էր հավաքել 45 պատգամավորի ստորագրություն: Նախաձեռնությունը պաշտպանել են «Հայաստան» պատգամավորական խումբը, Հայաստանի կոմկուսը, ՀԺԿ-ն (Հայաստանի ժողովրդական կուսակցությունը) ներկայացնող պատգամավորները:

Սակայն նիստը սկսելու համար անհրաժեշտ քվորումը՝ 66 պատգամավորի ներկայությունը, այդպես էլ չապահովվեց: Ներկա էին ընդամենը 60 պատգամավոր, եւ արտահերթ նիստի գումարումը, փաստորեն, տապալվեց:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG