Մատչելիության հղումներ

Ընտրական օրենսգրքի փոփոխման օրինագծի քվեարկությունը հետաձգվեց


Ազգային ժողովն այսօր քննարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագիծը, քվեարկությունը, սակայն, հետաձգվեց մինչեւ վաղը:

Ազգային Ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն իր ելույթում ասաց, թե այս նախագծով փորձ է արվել շտկել անցած ընտրությունների թերությունները:

«Այսօր որեւէ մեկը, ով մտքով կանցկացնի, որ Հայաստանում առաջիկա ընտրությունները պետք է լինեն եւ կլինեն խախտումներով, եւ դրանից հետո հանգիստ ինքը կպաշտոնավարի, լինի դա պատգամավոր, լինի հանրապետության նախագահը, ես կարծում եմ, սա ուղղակի անհեթեթ միտք է», - իր ելույթում բառացիորեն ասաց Տիգրան Թորոսյանը, որի կուսակիցները օրինագծի հիմնական հեղինակներն են:

Ամենածանրակշիռ շտկումը, թերեւս, այն է, որ քվեաթերթիկներում նշումներն արվեն սահմանված միատեսակ ձեւով. չէ՞ որ շատ է եղել՝ քվեարկողը որպես ապացույց, որ իրեն թելադրված թեկնածուի օգտին է քվեարկել, պայմանավորված հատուկ նշաններ է դրել քվեաթերթիկի շրջանակում:

Նախագիծը, սակայն, որեւէ կերպ չի փորձում լուծել նախորդ ընտրությունների ամենալուրջ թերությունը՝ ընտրացուցակները ճշգրտելու մեխանիզմները: Ավելին, անհասկանալի մեխանիզմով, առաջարկվում է ժամկետային զինծառայողներին ընդգրկել տեղական, ինչպես նաեւ խորհրդարանի մեծամասնական ընտրությունների ընտրացուցակներում (գործող օրենքով նրանք իրավունք ունեն մասնակցելու նախագահի եւ խորհրդարանի համամասնական ընտրություններին՝ զորամասից 50 կմ հեռավորության վրա գտնվող ընտրատարածքում):

Առաջին հայացքից, վերականգնվում է ժամկետային զինծառայողի՝ ընտրելու ամբողջական իրավունքը: Հիմնական զեկուցող Վարդան Բոստանջյանի խոսքերով, ժամկետային զինծառայողը այս ընտրություններում կարող է քվեարկել, երբ «արձակուրդում է գտնվում կամ՝ այնտեղ, որտեղ իսկզբանե հաշվառված է եղել»:

Տեսականորեն, մինչդեռ, չի բացառվում, որ քվեարկությունից հետո, եթե հնարավոր լիներ ստուգել, պարզվի, որ բանակում ժամկետային բոլոր զինծառայողներն ընտրության օրն արձակուրդ են ստացել ու համայնքապետ կամ պատգամավոր ընտրել:

Բացի այդ, խորհրդարանի համամասնական եւ մեծամասնական քվեարկությունն անցնում է նույն օրը: Նույն ժամկետային զինծառայողը համամասնականի համար կարող է քվեարկել զորամասի մոտակա տեղամասում, մեծամասնականի համար՝ հաշվառման վայրում: Ստացվում է, որ նույն մարդն ընդգրկվում է երկու ընտրացուցակում, ինչն արգելվում է:

Ընտրական հանձնաժողովներում՝ կենտրոնականից մինչեւ տեղամասային, անդամներ նշանակելու սկզբունքը թողնելով նույնը՝ քաղաքական ուժեր եւ գործադիր իշխանություն, այս նախագիծը մեծացնում է գործադիր իշխանության իրավունքը՝ այն կառավարությունից փոխանցելով երկրի նախագահին: Դրանով, սակայն՝ նեղացնում է քաղաքական ուժերի հնարավորությունները. կուսակցությունների փոխարեն անդամներին խմբակցություններն են նշանակում: Այսինքն՝ խորհրդարանում չներկայացված ուժերը բոլորովին դուրս են մնում:

Հասկանալի չէ նախագծի հեղինակների նաեւ այն առաջարկը, որ ընտրական հանձնաժողովները ձեւավորվում են ոչ թե Ազգային Ժողովի ընտրություններից առաջ, ինչպես գործող օրենքով է, այլ՝ հետո:

Փաստաթղթի ենթատեքստային ուսումնասիրությունից տպավորություն է ստեղծվում, որ այն ուղղված է հատկապես աշնանը կայանալիք տեղական ընտրություններին, որում հաղթողը ստվերային լծակներ է ստանում մյուս ընտրությունների, հանրաքվեների համար:

Նախագծի ընդդիմախոսներն իրենց ելույթներում հնչեցրին հետեւյալ մտահոգությունները. «Այս օրենքն ընդունվելուց հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձակելու է Ազգային Ժողովը», «Սրանով նախագահն ապահովում է նախագահական ընտրություններում իր վերընտրվելը», «Այս օրենքի քվեարկությունը որոշելու է՝ նորմալ իշխանություննե՞ր ենք ձեւավորելու, թե՞ բռնապետություն», «Փորձ է արվում «զոռբայությանը» օրենքի ուժ տալ», «Այս օրենքն արջի ծառայություն է մատուցելու նախագահին»:

Օրինագծի հեղինակներից «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի կարծիքով, ընտրական հանձնաժողովների՝ ոչ թե կուսակցությունների, այլ խմբակցությունների կողմից ձեւավորելը «զուտ քաղաքական իմաստով» հետընթաց է:

«Պետք է կուսակցությունները այս իրավունքը ունենան, եւ ոչ թե խմբակցությունները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աղվան Վարդանյանը:

Նա ճիշտ չի համարում նաեւ ընտրական հանձնաժողովների՝ ընտրություններից հետո կազմավորումը, եւ իրենք առաջարկելու են փոխել այդ դրույթը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG