Մատչելիության հղումներ

Հայաստանում առաջին անգամ նշվեց ոստիկանության օրը


Առաջին անգամ Հայաստանում հանդիսավորությամբ նշվեց ոստիկանության օրը: Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարեւանությամբ անցկացված զորահանդեսին ներկա էին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, բարձրաստիճան հյուրեր:

Մեկ տարի առաջ Ազգային ժողովը ընդունել էր «Ոստիկանության մասին» օրենքը եւ, ի նշանավորումն օրենքի ընդունման, ապրիլի 16-ը հայտարարվել է ոստիկանության օր:

Ռոբերտ Քոչարյանը մարտական դրոշ հանձնեց ներքին գործերի նախարարությանը: Շնորհավորական իր խոսքում Հայաստանի նախագահը դրական գնահատեց իրավապահ մարմինների գործունեությունը:

«Աշխարհում շատ չեն այն երկրներն ու քաղաքները, որոնց փողոցներում օրվա բոլոր ժամերին մարդիկ կարող են ապահովության բավարար զգացում ունենալ, ինչ առկա է մեզանում», - ասաց Ռոբերտ Քոչարյանը, ավելացնելով, սակայն, որ ներքին գործերի համակարգը կատարելագործվելու եւ ինքնամաքրման մեծ ճանապարհ ունի անցնելու:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը զորահանդեսից հետո լրագրողների հետ զրույցում համակարգի բացթողումները վերագրեց ԽՍՀՄ-ի տարիներից մնացած աշխատանքի մեթոդներին, ասելով, որ կառավարությունը մինչեւ տարեվերջ անդրադառնալու է համակարգի բարեփոխմանը:

Ծրագրվող բարեփոխումների էությանը չպարզաբանեցին ո'չ վարչապետը, ո'չ էլ ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանը:

Պաշտոնական տվյալներով, անցած տարի Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 565-ով՝ 2000 թվականի 12048-ի փոխարեն կազմելով 11483:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG