Մատչելիության հղումներ

Եվրամիությունը աջակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը Հարավային Կովկասում


Երեւանում այսօր բացվեց Եվրամիության հովանու ներքո անցկացվող «Էլեկտրոնային զարգացումը Հարավային Կովկասի համար» տարածաշրջանային երկօրյա կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցում են տարածաշրջանի բոլոր երկրներից ժամանած մասնագետներ՝ բացառությամբ Ադրբեջանի:

Բացելով կոնֆերանսը, Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը շեշտեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման առաջնային ուղղություններից է, եւ արդեն մշակված է համապատասխան օրենսդրական հիմքը:

«Նախարարության կողմից մշակվել է պետական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման եւ ներդրման «Էլեկտրոնային Հայաստան» ծրագիրը, որը ընդգրկում է 2002-2010 թվականները», - ասաց Անդրանիկ Մանուկյանը:

Ծրագրի հաջողության գրավականը, ըստ նախարարի, Հայաստանի՝ դեռեւս խորհրդային ժամանակներից տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում ունեցած առաջատար դերն է ու առկա գիտատեխնիկական «պատկառելի պոտենցիալը»:

«Այս ամենը երաշխիք է հանդիսանում տարածաշրջանում Հայաստանը տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառի կենտրոն դարձնելու», - ասաց Անդրանիկ Մանուկյանը:

Վրաստանի փոխարտգործնախարար Թամար Բերուչաշվիլու խոսքերով, կոնֆերանսը փորձ է Հարավային Կովկասը ընդգրկել ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզում, ինչը կնպաստի տնտեսական ընդհանուր զարգացմանը տարածաշրջանում:

«Մենք իսկապես հավակնում ենք, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների գործընթացների կոորդինացման կենտրոնը դառնա Երեւանը», - ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ավելացնելով, որ Եվրամիությունը արդեն որոշում է կայացրել ֆինանսավորելու Երեւանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետների պատրաստման տարածաշրջանային կենտրոնը:

Եվրահանձնաժողովի Հայաստանի ներկայացուցիչ Սեբաստիան Դյուբոստը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այդ կենտրոնի համար հատկացվելու է 1,8 մլն եվրո:

«Առաջատար լինելը կարող է դրսեւորվել, թե ինչքան ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆիրմաներ այստեղ կունենանք, ինչպիսի կապեր կունենանք արտերկրների հետ, ինչպիսի պատվերներ կկատարենք», - անդրադառնալով առաջատարության դրսեւորումներին ասաց Հայաստանի արտգործնախարարը: - «Որքան ինձ է հայտնի վիճակագրությունը, արդեն մեր բնակչության թվի համեմատ մենք առաջատար ենք»:

Հայաստանում այսօր տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող ձեռնարկությունների թիվը հասնում է 200-ի: Դրանցում աշխատում է 3000-4000 մարդ: Այդ ձեռնարկություններից 60-ը զբաղվում են ծրագրավորմամբ, դրանցից 25-ը՝ ամերիկյան կապիտալով: Նշված 60 ձեռնարկությունների արտահանած արտադրանքը կազմում է 20 մլն դոլար: Պաշտոնական տվյալներով, այս ոլորտի աճը անցյալ տարի կազմել է 30 տոկոս:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG