Մատչելիության հղումներ

Նախկին խորհրդային հանրապետությունները մտահոգություն են արտահայտում Ռուսաստանում «սքինհեդ»-երի ակտիվացման կապակցությամբ


Մոսկվա («Ասոշիեյթեդ Փրես»). - Հայաստանի եւ նախկին Խորհրդային Միության կովկասյան եւ միջինասիական վեց այլ հանրապետությունների դեսպանատները դիմել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ Մոսկվայում ոչ-սլավոնական ժողովուրդների ներկայացուցիչների հանդեպ ծայրահեղ ձախ ազգայնական շարժման՝ «սքինհեդ»-երի հարձակումների վերաբերյալ իրենց աճող մտահոգությունները ոստիկանությանը եւ անվտանգության ծառայություններին հասցնելու նպատակով:

Անցած շաբաթ Ղըրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հյուպատոսները նամակ են հղել արտաքին գործերի նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Կոտենեւին: Նամակում ասված է, որ հյուպատոսները իրենց երկրների քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են ստացել «սքինհեդ»-երի հարձակումների եւ ահաբեկումների վերաբերյալ, մասնավորապես Մոսկվայի մետրոպոլիտենում, շուկաներում:

«Մոտալուտ այսպես կոչված հիշատակի օրը, համանման խմբերի գործունեության նկատելի ակտիվացման հետ մեկտեղ, առաջացնում է մեր մտահոգությունը՝ հնարավոր հետեւանքների առումով», - գրել են հյուպատոսները, նկատի ունենալով Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրը:

Երկուշաբթի «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, մեջբերելով ոստիկանական աղբյուրները, հաղորդել է, որ շաբաթ օրը ոստիկանությունը կուժեղացնի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հասարակական վայրերի պահպանությունը, ներառյալ Մոսկվայի մետրոպոլիտենը, երկաթուղային կայարանները, օդանավակայանները եւ առեւտրի կենտրոնները:

Ռուսաստանում առկա է փոքրաքանակ, սակայն ծայրահեղ ձախ ազգայնական շարժում, որի անդամները սովորաբար գործողություններ են ձեռնարկում նախկին Խորհրդային Միության Կովկասյան տարածաշրջանի, Ասիայի, ԱՖրիկայի թուխ մաշկ ունեցող բնակիչների նկատմամբ: Անցած շաբաթ մի շարք դեսպանատներ ստացել են էլեկտրոնային նամակներ, որոնցում օտարների հանդեպ «սքինհեդ»-երի պատերազմի սպառնալիք է հնչում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG