Մատչելիության հղումներ

Հայ եպիսկոպոսը մասնակցում է Երուսաղեմում Փաուելի հետ հանդիպմանը





Շաբաթ օրը քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու, ներկայացուցիչները Երուսաղեմում հանդիպեցին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուելի հետ՝ խնդրելով համոզել Իսրայելի վարչապետ Արիել Շարոնին վերջ տալ Սուրբ Ծննդյան եկեղեցու ապրիլի 2-ից շարունակվող շրջափակմանը:

Քրիստոնյա եկեղեցիների առաջնորդները Միացյալ Նահանգների արտգործնախարարին ներկայացրին համատեղ հուշագիր՝ ճգնաժամը հարթելու իրենց առաջարկների մասին: Առաջարկվում է, որ իսրայելյան զորքերը երեք օրվա ընթացքում դուրս գան Բեթղեհեմից, իսկ շրջափակված պաղեստինցի զինյալները վայր դնեն զենքը եւ վերադառնան իրենց տները:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչ Արիս եպիսկոպոս Շիրվանյանը: Արիս Սրբազանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Փաուելի հետ հանդիպմանը մասնակցել են Երուսաղեմի բոլոր պատրիարքները՝ հույն, հայ եւ լատին:

Նա ասաց, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը որեւէ խոստում չի տվել, քանի որ դեռ չէր հանդիպել Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի եւ Պաղեստինի ղեկավար Յասեր Արաֆաթի հետ: «Բայց կարեւորությամբ, անշուշտ, նկատի առավ Բեթղեհեմա Սուրբ Ծննդյան տաճարի հարցը», - ասաց Արիս Սրբազանը:

Շարոնի հետ Փաուելը հանդիպելու է այսօր երեկոյան: Իսկ կիրակի ծրագրված է նրա հանդիպումը Յասեր Արաֆաթի հետ:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը, քրիստոնյա եկեղեցականների առաջարկությունը հազիվ թե բավարարի Իսրայելին: Այդ երկրի արտգործնախարարության խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այն:

Ուրբաթ օրը իսրայելական բանակը ընդունել է, որ իր զինվորներն են կրակել 22-ամյա հայ հոգեւորականի վրա՝ կարծելով, թե վերջինս պաղեստինցի զինյալներից է:

Պատասխանելով վիրավորված հայ հոգեւորական Արմեն Սինանյանի առողջական վիճակի մասին հարցին, Արիս Սրբազանը ասաց, որ Սինանյանը վիճակը շարունակում է լուրջ մնալ, սակայն, բժիշկների խոսքերով, մեկ շաբաթ հետո ծանր հիվանդների բաժանմունքից կտեղափոխվի սովորական հիվանդասենյակ:

Երեկ երեկոյան Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը հանդիպել է Արմեն Սինանյանի ծնողներին: Վեհափառ Հայրապետը աղոթել է, որ Սուրբ Հողում խաղաղություն հաստատվի:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG