Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհուրդը կուսումնասիրի «Ա1+»-ի հարցը


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոտիտորինգի հանձնաժողովը կուսումնասիրի հայաստանյան «Ա1+» անկախ հեռուստաընկերության կապուղին այլ հեռուստաընկերության տրամադրելուն առնչվող բոլոր հասանելի տվյալները եւ հանդես կգա մեկնաբանություններով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ առաջարկություններով: Այդ մասին այսօր ասաց Եվրախորհրդում նախագահող երկրի՝ Լիտվայի արտաքին գործերի նախարար Անտանաս Վալիոնիսը:

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վալիոնիսը հանդիպումներ է ունեցել ինչպես իշխանության ներկայացուցչների՝ այդ թվում՝ արդարադատության նախարարի, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ա1+»-ի ներկայացուցիչների հետ: Խոսվել է նաեւ «Ա1+»-ի մասին:

«Ես որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել», - այսօր հրավիրված ասուլիսում, պատասխանելով անկախ հեռուստաընկերության եթերից դուրս մնալուն վերաբերող հարցին, ասաց Վալիոնիսը: - «Պետք չէ մոռանալ նաեւ, որ դեռ սպասվում է դատական գործընթաց եւ հայտնի չէ դատարանի ընդունելիք որոշման բովանդակությունը»:

Շաբաթ օրը Եվրոպայի Խորհրդի նախարարների խորհրդի նախագահող Անտանաս Վալիոնիսի գլխավորած պատվիրակությանը ընդունել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Ռոբերտ Քոչարյանը հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը հետեւողականորեն իրականացնում է Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները:

Անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Անտանաս Վալիոնիսն ասել է, որ Եվրոպայի Խորհուրդը կողմնակից է հակամարտության կարգավորմանը՝ բանակցային ճանապարհով եւ պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները՝ միեւնույն ժամանակ նշելով, որ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է օժանդակել այդ գործընթացին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG