Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բրիտանացի փորձագետների աչքերով


Բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր պարբերականի հետազոտական խումբը հրապարակել է Ադրբեջանի ներկա վիճակին եւ զարգացման հեռանկարներին նվիրված իր հերթական զեկույցը:

Ըստ դրա, այսօր Ադրբեջանում պաշտոնապես բնակվում է 8 միլիոն մարդ: Թեեւ Համախառն ներքին արդյունքը այստեղ ավելի քան երկու անգամ մեծ է, քան Հայաստանում, մեկ շնչին ընկնող ցուցանիշը միանգամայն համեմատելի է՝ Ադրբեջանում 3500 դոլար, Հայաստանում՝ 3000-ից մի փոքր ավելի: Ադրբեջանական մանաթը 1997 թվականից ի վեր նույնքան կայուն է, որքան հայաստանյան դրամը, իսկ սղաճը նույնքան ցածր է, որքան Հայաստանում:

Ադրբեջանի արտահանման հիմնական մասը՝ 57 տոկոսը բաժին է ընկնում Իտալիային, մյուս գլխավոր ներմուծողներն են՝ Իսրայելը, Վրաստանը, Ռուսաստանը եւ Թուրքիան: Ընդ որում, Ադրբեջանի արտահանման 91 տոկոսը կազմում է նավթը:

Բրիտանացի փորձագետները Ադրբեջանի մոտ ապագան երկու ժամանակաշրջանի են բաժանում՝ մինչեւ 2005 թվականը եւ 2005 թվականից հետո, երբ կավարտվի նավթային ու գազային խոշոր միջազգային ծրագրերի իրագործումը, եւ էներգակիրների հոսքը մեծ եկամուտներ կսկսի բերել:

Մյուս կողմից, «Էկոնոմիստ»-ի մասնագետները գտնում են, որ մեծ նավթը Ադրբեջանին կախվածության մեջ է դնում աշխարհում տիրող իրադրությունից ու նավթի միջազգային գներից եւ խոցելի է դարձնում ողջ տնտեսությունը:

Ընդհանրապես բրիտանացի փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա տարիներին նավթի գներն աշխարհում ընկնելու են: Հենց դա է պատճառներից մեկը, որ թեեւ անցած տարի Ադրբեջանը բարձր տնտեսական աճ ունեցավ՝ 9,9 տոկոս այն դեպքում, երբ Հայաստանինը 9,6 տոկոս էր, այնուամենայնիվ առաջիկա 5 տարիներին աճը Ադրբեջանում, ըստ «Էկոնոմիստ»-ի, նվազելու է՝ կազմելով 7,6 տոկոս:

Քաղաքական առումով բրիտանացի փորձագետները կանխատեսում են, որ 78-ամյա նախագահ Հեյդար Ալիեւը կպահպանի իշխանությունը մինչեւ իր լիազորությունների ավարտը, այսինքն 2003 թվականը եւ դրանից հետո՝ նախագահական երրորդ ժամկետի ընթացքում:

Միաժամանակ նրանք դիտարկում են նաեւ իշխանությունը որդուն՝ Իլհամ Ալիեւին փոխանցելու տարբերակը, սակայն լուրջ վերապահումներ են անում: Թեեւ Իլհամ Ալիեւը, բրիտանացի փորձագետների կարծիքով, Ադրբեջանի փաստացի փոխնախագահն է, մեծ մտավախություն կա, որ նա պատշաճ աջակցություն չի ստանա ո'չ իշխող վերնախավի, ո'չ էլ մանավանդ ընդդիմության կողմից, ինչը կարող է հանգեցնել անկայունության:

Իսկ իշխանափոխության սահունությունն ապահովող ինստիտուտներ Հեյդար Ալիեւը այդպես էլ չի ստեղծել, փաստում է «Էկոնոմիստ»-ը:

Ինչ վերաբերում է մոտակա զարգացումներին, ապա, ըստ բրիտանացի փորձագետների, «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը կշարունակի պահպանել իր մենաշնորհը, ընդդիմությունը կմնա մասնատված, իսկ դրա առաջնորդները կա'մ կհալածվեն իշխանությունների կողմից, կա'մ կընդգրկվեն կառավարությունում:

Լրատվամիջոցների հանդեպ վերաբերմունքը Ադրբեջանի իշխանություններն առաջիկայում կարծրացնելու են՝ ապահովելու համար ընդդիմության թուլությունը:

«Էկոնոմիստ»-ի մասնագետները պնդում են նաեւ, որ Ղարաբաղի հարցը առաջիկա տարիներին չի լուծվելու, քանզի թե' հայկական եւ թե' ադրբեջանական կողմերը արդեն ապացուցել են, որ ընդդիմանում են սկզբունքային փոխզիջումներին:

Բրիտանացի փորձագետները, սակայն, գտնում են, որ Ղարաբաղի խնդրի այս փակուղային վիճակը Ադրբեջանում լուրջ քաղաքական անկայունության չի հանգեցնի:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG