Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Իշխանությունը սկսեց քաղել իր ցանած սերմերի պտուղները: Քանզի բնական էր, որ զրկվելով հեռուստատեսության միակ ազատ ամբիոնից, ընդդիմությունն առավել զանգվածային լսարանին իր խոսքը հասցնելու համար ստիպված պիտի դարձյալ դուրս գար փողոց», - կրկին ակնարկում է «Առավոտ» թերթի մեկնաբանը, միեւնույն ժամանակ երեկվա հանրահավաքի մատուցման մեջ ընդհանուր առմամբ փաստելով, որ կազմակերպիչների ծրագրած որոշակի քայլեր գոնե առայժմ չեն դրսեւորում:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցն էլ գրում է. «Երեկ տեղի ունեցած հանրահավաքը արձանագրեց, որ նախորդ պահանջներից եւ ոչ մեկը չի իրականացվել: Այդ եզրակացությունը միակ նորությունն էր, որ երեկ հայտարարվեց հանրահավաքում: Իսկ երկարաձիգ ելույթներում հնչածների մասին հավաքվածներից յուրաքանչյուրը ավելի լավ ու առարկայական գիտեր, քան բանախոսները», - նշում է թղթակիցը, տարակուսելով, թե հաջորդ անգամ էլ կրկին հանրահավաքի են հրավիրում՝ ժողովրդին հուսախաբ անելու համա՞ր:

Դիտորդների շարքն անցավ կոմկուսը. երեկ այդ կուսակցությունը իրենց բյուրոյի որոշմամբ հանրահավաքին չէր մասնակցում: «Սոցիալիզմի եւ համայնավարության ոխերիմ թշնամիների հետ չենք ուզում», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է կոմկուսի առաջին քարտուղարը: Իսկ այդ որոշումից դժգոհներից մասնավորապես պատգամավոր Խորեն Սարգսյանը դեռ խոստանում է պարզել, թե այս նահանջի մեջ ում մատն է խառը:

Փոխարենը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է բողոքի առաջիկա ակցիաներին իրենց միանալու մասին լուրերը: «Հայկական ժամանակ»-ում տրամաբանվում է. «Կամ Գեղամյանը մտածում է, որ «Ա1+»-ի շուրջ տեղի ունեցող ակցիաները կարող են վերաճել լուրջ շարժման, եւ ինքը չի ցանկանում խաղից դուրս մնալ, կամ էլ նրան ներդնում են իշխանությունները՝ բողոքի ալիքը ավելի կառավարելի դարձնելու համար»:

«Հայոց Աշխարհ» թերթի անդրադարձում շեշտադրված է, որ հարթակում նախաձեռնողների թիվը զգալիորեն նվազել էր: Հանրահավաքային այդ որակն էլ նմանեցվում է մանկական խաղերի:

«Տղաները մտավոր ունակություններով, մեղմ ասած, չեն փայլում», - որակում է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Ու պարզապես փորձում են նավակը ինչքան կարող են ուժեղ ճոճել՝ համեղ մի կտոր ձեռք գցելու համար»:

«Օր» թերթը եւս արձանագրում է, որ հարթակի առաջնորդները որեւէ էական բան չասեցին: Այսուհանդերձ, խմբագրականն ընդգծում է. «Սոցիալ-հոգեբանական իրավիճակը Հայաստանում ծայրաստիճան լարված է: Քաղաքական եւ ոչ մի ուժ չի փորձում գեթ փոքր-ինչ հանդարտեցնել պատրվակ որոնող կրքերը, եւ դեռ ավելին. բարոյահոգեբանական ճգնաժամը օգտագործվում է որպես քաղաքական կարիերայի երաշխիք... Ապրիլի 15-ին Ազգային ժողովի մոտակայքը խոստանում է լինել մարդաշատ: «Ա1+»-ի գործունեության դադարեցման մասին որոշում կայացրած հանձնաժողովը կամա թե ակամա արջի ծառայություն է մատուցում նախ եւ առաջ Քոչարյանին եւ ներկայիս վարչախմբին»:

«Գոլոս Արմենիի»-ի մատուցմամբ, այս շարժման բուն էությունը ստացվում է ՀՀՇ-ի ռեւանշի հաստատումն ու Տեր-Պետրոսյանի վերադարձը: Ընդ որում՝ «Վերջիններս հենց հիմա են փորձում իրենց արեւմտյան տերերին ցույց տալ, թե ժողովուրդը իշխանափոխություն է ուզում, պահը հասունացել է, որպեսզի նախընտրական գումարներ ստանան»:

«Առավոտ» թերթում էլ այսօր մի ամբողջ էջ աներկբա հավաստիացումներ են շարադրված, թե Տեր-Պետրոսյանի վերադարձը պատմական անխուսափելիություն է, միայն նա է ի վիճակի ավարտին հասցնել պետական շինարարությունում, արտաքին քաղաքականությունում իր սկսածը: Հեղինակը ձեւակերպել է. «Քոչարյանականների համար անհույս է փրփուրներից կառչելը, թե Տեր-Պետրոսյանին դեռ «ազգովին չեն խնդրում»: Ավելի գործնական կլինի մտահոգվել այն մասին, որ իրենց արդեն «ազգովին չեն հարդուրժում»:

«Հայոց Աշխարհ»-ի տեսաբանը ահազանգում է. «Ոգեւորվելով տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերջին տեղաշարժերից, թուրքական դիվանագիտությունը սկսել է հետեւողականորեն իրականացնել Հայաստանի ամբողջական կոմունիկացիոն շրջափակման եւ քաղաքական նախապայմաններ թելադրելու իր վաղեմի երազանքը»: Այս առումով, մասնավորապես առանձնացված է. «Նպատակ կա ապրիլի 24-ի նախօրեին ամեն կերպ ակտիվացնել հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի աշխատանքները եւ դրա միջոցով՝ մի կողմից շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը, մյուս կողմից՝ ներքին պառակտում առաջացնել հայ հասարակության ներսում»:

«Հանձնախմբի աշխատանքների արագ վերսկսումը, մեր կարծիքով, տեղավորվում է ոչ թե անդրկովկասյան տարածաշրջան թափանցելու ամերիկյան, այլ թուրքական ծրագրերի համատեքստում: Ուստի այժմ նման հանձնախմբի գործունեության վերսկսումը ավելի վտանգավոր է, քան նախորդ ձախողված փորձի ժամանակ», - նշում է տեսաբանը, ընդգծելով նաեւ, որ պետք չէ շփոթել միջպետական երկխոսությունը հաշտեցման հանձնախմբի ձեւավորման հետ կապված «զուտ քարոզչական շոուի հետ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG