Մատչելիության հղումներ

Բացվեց Արգավանդի տրանսպորտային հանգույցը


Ուրբաթ օրը «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երեւան տանող ճանապարհին հանդիսավորությամբ բացվեց Արգավանդի տրանսպորտային հանգույցը: Երկմակարդակ այս կամուրջը զգալիորեն անվտանգ ու թեթեւ կդարձնի երթեւեկությունը մայրաքաղաքի մատույցներում գտնվող այս աշխույժ խաչմերուկում:

Հանգույցի բացմանը ներկա էին երկրի բոլոր ղեկավարները՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը եւ նրան ուղեկցող հոգեւորականները աղոթեցին հայրենիքի ապահովության, երկրի շեն լինելու եւ ժողովրդի բարօրության համար:

Երեւանցիների համար այս օրը «հիշարժան ու պատմական» որակելով, մայրաքաղաքի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց հանգույցի շինարարության պատմությունը: 1986 թվականին սկսված շինարարությունը կանգ էր առել 1993 թվականին: Լինսի հիմնադրամի տրամադրած 1,5 միլիոն դոլարի շնորհիվ վերջին մեկուկես տարվա ընթացքում շինարարությունը վերսկսվել ու հասցվել է ավարտին:

Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի հիմնադրամի միջոցներով իրականացվում է նաեւ ճանապարհաշինարարական խոշոր ծրագիր: Մինչեւ 2003 թվականի աշունը կվերակառուցվի 600 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, կվերանորոգվի 22 կամուրջ, 2 թունել: Այս ամենի համար Լինսի հիմնադրամը հատկացնում է 88 միլիոն դոլար:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG