Մատչելիության հղումներ

logo-print

Պետեկամուտների նախարարը լուրջ հիմքեր է տեսնում ստվերի հաշվին բյուջետային մուտքերն ավելացնելու համար


Այս տարի պետեկամուտների նախարարությունը անցած տարվա համեմատ մոտ մեկ քառորդով պետք է ավելացնի բյուջետային մուտքերը։ Հարկահավաքը, ինչպես այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հավաստեց պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանը, առայժմ տեղավորվում է ծրագրվածի շրջանակներում։

Ավելին՝ նախարարի հավաստմամբ, լուրջ հիմքեր կան ավելացնելու բյուջետային մուտքերը ի հաշիվ ստվերային եկամուտների, մասնավորապես՝ առեւտրի բնագավառում։ Նրա խոսքերով, խստացվելու է առեւտրի կետերում տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաների օգտագործման վերահսկողությունը, մշակված միջոցառումների շնորհիվ 25-30 տոկոսով ավելանալու են տոնավաճառներից գանձվող հարկերը:

Քայլեր են ձեռնարկվում նաեւ ոգելից խմիչքների, հացի, ալյուրի, հանքային ջրերի, շինարարության ոլորտներում մեծ չափերի հասնող ստվերայնությունը կրճատելու ուղղությամբ։

Երվանդ Զախարյանը հարկային մուտքերն ավելացնելու լրացուցիչ ռեզերվ է տեսնում նաեւ տարիների ընթացքում բյուջեի նկատմամբ տնտեսավարողների կուտակված պարտքերի՝ ապառքների բռնագանձման մեջ:

«Ապառքների եւ հարկային դաշտը մաքրելու նպատակով, մենք բավականին մեծ թվով ձեռնարկությունների մասով սնանկացման հայցերով մտել ենք դատարան», - ասաց նախարարը:

Իսկ ապառքներն այսօր 50 միլիարդ դրամ են կազմում։ Բյուջեին պարտք ունեցող ու, ըստ էության, չաշխատող ձեռնարկություններից դատարանի միջոցով նման գումարներ կորզելն այնքան էլ իրական ելք չէ, քանի որ այդպիսի ձեռնարկություններում պահանջարկ ունեցող ապրանք գտնելը բարդ գործ է:

Մեկ այլ տարբերակ է հարկային համաներումը կամ ապառքների վերակառուցումը: Այսինքն՝ դրանց վճարման սառեցումը, ասենք, հինգ տարով, ինչպես արվեց, օրինակ, Ադրբեջանում։ Սակայն, այս տարբերակը մեր օրենսդիրի համար առայժմ անընդունելի ու անհասանելի քայլ է։

Պետեկամուտների նախարարն այսօր խոսեց նաեւ խոշոր հարկատուների խնդիրներից: Անցած տարեվերջին որոշում էր ընդունվել հանրապետության 300 խոշոր հարկատուների հաշվետվությունները կենտրոնացնել պետեկամուտների նախարարության կենտրոնական ապարատում, ինչից, ըստ նախարարի, խոշոր հարկատուների շրջանում կրճատվել է ստվերայնությունը, հարկային վճարումները ավելացել են 25-30 տոկոսով:

Երվանդ Զախարյանն անդրադարձավ նաեւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց կապակցված անձանց եկամուտների հայտարարագրերին: Նրա խոսքերով, նախարարությունը ստացել է 6300 հայտարարագիր: Դրանք ամփոփվել են ու փոխանցվել Արդարադատության նախարարություն: Վերջինս մինչեւ հունիսի 1-ը պետք է հրապարակի այդ տվյալները։

Նախապատրաստվում է նաեւ երկրի բոլոր քաղաքացիների եկամուտների եւ գուքի պարտադիր հայտարարագրման մասին օրինագիծ, որը, ըստ Երվանդ Զախարյանի, մինչեւ տարեվերջ կընդունվի Ազգային ժողովի կողմից։

Նախարարը ակնարկեց, թե շուտով Ազգային ժողով կներկայացվի նաեւ եկամտահարկի դրույքաչափի իջեցում նախատեսող օրինագիծ։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG