Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի ընթացիկ գնահատականներով, «Ա1+»-ի փակմանն առնչվող՝ Հեռուստառադիոյի հանձնաժողովի փաստարկները անհեթեթ են մնում, եւ իշխանության շարքերում էլ նկատվում է խուճապ:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի պատկերավորմամբ՝ «Այսօր այն դեպքն է, երբ ազատ խոսքի ու ժողովրդավարություն չտեսությունից որոշ քաղաքական ուժերի ու նրանց խոսափողերի մոտ գլխապտույտ է առաջացել, գլխապտույտ՝ ազատ խոսքի ու ժողովրդավարության հաջողությունից: Ու նրանք իրենց զգում են չտեսության հովտում»:

«Հայոց Աշխարհ» թերթի խմբագրի առավել թունդ բանաձեւումներով՝ «Վաղ թե ուշ, հոգնելով հհշամետ մամուլի էջերից թափվող կեղտի մեջ լողանալուց, շնչահեղձ լինելով անտանելի գարշահոտից, հասարակությունը կվճռի, որ խոսքի ազատությունը ամենավնասակարն է բոլոր ազատություններից»:

«Ամենազվարճալին այն է, որ 17 լրատվամիջոցների համատեղ հայտարարությունը վայնասունի առիթ տվեց նաեւ այն թերթերի ներկայացուցիչներին, որոնց ես, որպես սույն նախաձեռնության հեղինակ, հարկ չէի համարել դիմել», - գրում է այսօր «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը: - «Մարդիկ, որոնք զբաղված էին բացառապես խոսքի ազատության եւ առհասարակ մեր մասնագիտության վարկաբեկմամբ, թույնի, ստի ու բամբասանքի տարածմամբ, քրեական թափթփուկի գովազդմամբ, հանկարծ սկսեցին թույլ տալ իրենց, պապայի կեցվածք ընդունելով, դասախոսություններ կարդալ բարոյականության մասին... եւ նույնիսկ ողբալ լրատվական դաշտում ինչ-որ բաժանարար գծերի առկայության կապակցությամբ»:

Դաշնակցության «Երկիր» շաբաթաթերթն էլ, որ, ի դեպ, չէր միացել հիշյալ 17-ին, այսօրվա խմբագրականում առանձնացնում է. «Չես հավատում այդ մարդկանցից շատերի անկեղծությանն ու ազնվությանը, քանի որ, առանց գոնե մեղա գալու, խոսում են երեւույթների մասին, որ կատարվել են առաջին հերթին իրենց ձեռքով: Խոսում են մարդիկ, ովքեր բարձր ամբիոններից բոցաշունչ ելույթներ են ունենում, թե մեր երկիրը պետք է անկախ քաղաքականություն վարի, զերծ լինի օտար միջամտություններից, այնինչ Հայաստանում տարբեր երկրների դեսպանների հետ փակ հանդիպումներում շռայլախոսություններ են թույլ տալիս ներքին գործերին միջամտելու հերթական դրսեւորման առիթով: Կամ մամուլի ամեն մի խոսքի համար (թեկուզ ոչ ճիշտ կամ կեղծ) ամիսներ շարունակ դատարաններից դուրս չեն գալիս՝ լրատվության տվյալ միջոցի բերանը փակելու նպատակով»:

Ընդհանուր առմամբ, արժեքային չափանիշերի շղթայական անկում արձանագրելով, «Երկիր»-ի մեկնաբաններից մեկն էլ նշել է. «Ցինիզմ է, երբ ոմանք, մոռանալով, թե մի քանի օր առաջ ում մասին ինչ են ասել, ում եւ ինչի համար են մեղադրել, հանգիստ խղճով «վեցյակներ» ու «եռյակներ» են ստեղծում նույն մարդկանց հետ... Ցինիզմ է, երբ որոշ քաղաքական գործիչներ, որ միշտ «հպարտացել» են իրենց ռուսամետությամբ, հանգիստ խղճով այսօր հանդես են գալիս որպես արեւմտամետության առաջամարտիկներ: Իսկ մի՞թե ցինիզմ չէ, երբ սոցիալիզմի հետ առնչություն չունեցող եւ իրենց լիբերալ համարող որոշ ուժեր ու անձինք այսօր, դռնեդուռ ընկած, արեւմտյան որեւէ սոցիալիստական կուսակցություն են փնտրում, որպեսզի համատեղ կոնֆերանս կազմակերպեն»:

Վարչապետ Մարգարյանի կուսակցության «Ժամանակ» շաբաթաթերթի որակումներով, «այսօրվա եւ առաջիկա մի քանի հանրահավաքները ժամանակ ու հնարավորություն են տալու ընդդիմությանը, որպեսզի վերջինս շահարկի «Ա1+» հեռուստաալիքի չարաբաստիկ հարցը եւ խնդրո առարկան ծառայեցնի իր ամբարտավան ամբիոնին»:

«Այս ամբիոնը երեկ զբաղեցնում էր «Ա1+»-ի եթերը, որտեղ ազատորեն թեւածում էր ընդդեմ հայրենասեր եւ ազգային մտավորականության թողարկվող անհարկի պարսավանքը», - գրում է «Ժամանակ»-ի խմբագիրը: - «Այստեղ մերթընդմերթ հարցազրույցի էին հրավիրվում մեր ազգի պատմական առաջադիմությունն ու հաղթանակները նենգաբար ժխտող, մեր ներկայի դույզն-ինչ ձեռքբերումներն անտեսող մարդիկ, որոնք ատում են հայրենիքի գաղափարը, ազգային մտայնությունը եւ առավելապես՝ ցեղակրոնության նժդեհյան տեսակետները»: Այստեղից անցնելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, խմբագիրը սահմանել է. - «Մենք խորապես գիտակցում ենք, որ Տեր-Պետրոսյանը իր հոգեկերտվածքով անհարիր է մեր ազգի բարոյագիտական ըմբռնումներին: Մենք դարձյալ համոզված ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին վերընտրելով նախագահ, հայ ժողովուրդը արձանագրած կլինի Հայաստանի Հանրապետության վախճանը»:

«Իրավունք» թերթի խմբագիրը համառ փորձեր է տեսնում «ամբողջ քաղաքական դաշտը Հայաստանում բաժանել Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների»: «Այդ կեղծ այլընտրանքի ձեւավորմանը նպաստում են ինչպես իշխանությունները, այնպես էլ ՀՀՇ-ական ծագում ունեցող ուժերը», - նշում է նա: - «Այդպիսի կեղծ այլընտրանքը չափազանց շահեկան է գործող նախագահի համար, քանի որ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մրցակցելով եւ վերջինիս համեմատությամբ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունի վերընտրվել առանց էական դժվարությունների»:

«Իրավունք»-ն այսօր փոխանցում է նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի մտավախությունը, թե «ապրիլի 12-ի միտինգում Ռոբերտ Քոչարյանը գուցեեւ միտումնավոր սադրանքների դիմի: Այսօր նրան օդի եւ ջրի պես անհրաժեշտ է ապակայունացնել վիճակը, որպեսզի արդարացում ունենա, որպեսզի իր ձախողումները փորձի բարդել ընդդիմադիր դաշտի վրա»:

Ի դեպ, Գեղամյանի կուսակցությունը այսօրվա հանրահավաքին եւս չէր մասնակցելու: Երբ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը դիմել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանին, թե ո՞ւր է իրենց համախոհը, վերջինս ասել է. - «Ազգային միաբանություն»-ն այնտեղ է, որտեղ ինքը ուզում է լինել»:

Տեղի առումով, Հայաստանը այսօր «չարիքի, թե բարիքի» ճամփաբաժանին է տեսնում «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը՝ խտացնելով. - «Ժողովրդավարական արժեքների ոտնահարման յուրաքանչյուր դեպք, երկրում բռնապետություն հաստատելուն ուղղված յուրաքանչյուր քայլ կաթիլներն են այն հեղեղի, որը քշելու եւ տանելու է այդ վարչակարգը... Արեւմուտքի համբերությունը անսահման չէ, եւ նա չի կարող անվերջ միջոցներ ու ժամանակ վատնել ժողովրդավարացնելու մի երկրի, որը ավելի ու ավելի բռնապետական է դառնում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG