Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահը պնդում է, որ մրցույթն անցկացվել է օրենքի խախտումներով





«Մրցույթը անցկացնելիս կոպտորեն խախտվել է օրենքի ոգին եւ տառը», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Ազգային Ժողովի լրատվական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համահեղինակներից Շավարշ Քոչարյանը:

Նա պնդեց, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքից հետո ընդունված՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ֊օրենքը», ինչպես նաեւ հանձնաժողովի սահմանած՝ «Մրցույթի կարգ» ենթաօրենսդրական փաստաթուղթը, որոնցով անցկացվել են հեռուստատեսային եւ ռադիոկապուղիների համար մրցույթները, հակասում են մայր օրենքին:

Ազգային հանձնաժողովը հաղթողներին որոշում է մրցութային առաջարկ-֊ծրագրերի հիման վրա, մինչդեռ, ինչպես ասաց Շավարշ Քոչարյանը, «օրենքում որեւէ նույնիսկ նշույլ չկա այն հանգամանքի, որ մրցույթը դա ծրագրերի մրցույթ է»:

Ըստ նրա, ի սկզբանե խախտվել է մայր օրենքի 48֊-րդ հոդվածը, ըստ որի «պետք է ամբողջ հաճախությունների ցանկը հրապարակվի եւ հայտարարվի մեկ մրցույթ»:

Տնտեսական դատարանում «Ա1+»-ի ներկայացրած հայցը նույնպես այս խնդիրն է վիճարկում: Շավարշ Քոչարյանը հիմնավորում է, որ օրենքի այլ դրույթներ էլ են բխում այն տրամաբանությունից, որ կապուղի առ կապուղի չպետք է անցկացվեն մրցույթները: Օրինակ, օրենքը չի պահանջում, որ արտոնագիր ստանալու, այսինքն մրցույթի համար դիմումում նշվի կոնկրետ կապուղի: Պիտի նշվի սոսկ սփռման հնարավոր տարածքը:

«Բնական է, որ այդ բոլոր մրցույթները պետք է ճանաչվեն անվավեր, ինչպես նաեւ այն ենթաօրենսդրական ակտերը, որ ընդունել է Ազգային հանձնաժողովը եւ որոնք բացահայտ հակասում են գործող օրենքին», - ասաց Շավարշ Քոչարյանը:

Այսօր ավելի վաղ ասուլիս էր հրավիրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը: Նա հայտարարեց որ իրենք ոչ թե մերժել են «Ա1+» հեռուստաընկերությունը արտոնագրելու դիմումը, այլ պարզապես նրան հաղթող չեն ճանաչել մրցույթում: Ու որպեսզի իրենց փաստարկները, թե «Ա1+»-ի առաջարկները մրցույթում հաղթած «Շարմ» ընկերության առաջարկներից լավը չեն, ապացուցելի դառնան, Գրիգոր Ամալյանն ասաց, որ իրենց հանձնաժողովի ստացած առաջարկները հայտարարվում են բաց:

Անդրադառնալով մրցույթի կայացման օրն իսկ՝ կեսգիշերին «Ա1+»-ի հեռարձակումը դադարեցնելուն, Ամալյանը ասաց, թե Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի չէ, որ դադարեցրել էր հեռարձակումը:

«Հանձնաժողովը ունի պայմանավորվածություն եւ պարտավոր է տեղեկացնել կապի լիազոր մարմնին իր լիցենզավորման կամ իր մրցույթների որոշումների մասին», - ասաց նա: - «Կապի նախարարությունը, առաջնորդվելով օրենքներով կամ դադարեցնում է իր ծառայությունները, որովհետեւ դա օրենքի պահանջ է, կամ ոչ»:

Ամալյանը կրկին պնդեց, որ մրցույթն անցկացվել է առանց խախտումների: «Հույս ունեմ, որ հանձնաժողովը չի անում սխալ քայլեր, իրավական դաշտից դուրս չի գալիս», - ասաց նա:

Գրիգոր Ամալյանը հանձնաժողովի վրա ճնշման փորձ է համարել Շավարշ Քոչարյանի՝ մրցույթից առաջ հրապարակային ելույթները, որոնցում վերջինս ասել է, թե «Ա1+»-ին դուրս թողնելը կնշանակի պատվեր կատարել:

«Եթե դա ճնշում է, եւ եթե իրենց մոտ իշխում է ճնշումների տրամաբանությունը, ուրեմն եղել են շատ ավելի հզոր ճնշումներ եւ՝ հակառակ ուղղությամբ: Այլապես, իրենք օրենքը խախտելով չէին անցկացնի մրցույթներ», - ի պատասխան ասաց Շավարշ Քոչարյանը:


Ռուզան Խաչատրյան եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG