Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ի տարբերություն ընդդիմադիր քաղաքական ուժերի, լրատվամիջոցների խնդիրն ամենեւին էլ «Քոչարյանին գահընկեց անելը չէ, այլ նրան հակադրվելը՝ այն դեպքում, երբ նախագահը հակաժողովրդավարական քայլեր է անում», - շեշտադրում է այսօր «Առավոտ» թերթը։ - «Այդ տեսակետից լրագրողների մեծ մասը ո'չ իշխանամետ է, ո'չ էլ ընդդիմադիր՝ նրանք անում են իրենց գործը... Բայց ճշմարիտ, անաչառ եւ բազմակողմանի լրատվություն տարածելու եւ ստանալու իրավունքի համար պետք է պայքարել»:

«Առավոտ»-ի արձանագրմամբ, այս առումով Քոչարյանն այսօր ժամանակավոր հաղթանակ է տոնում. «Նա ոչ միայն արժանի հակահարված չստացավ չորրորդ իշխանության կողմից՝ լրատվամիջոց փակելու համար, այլեւ կարողացավ զանգվածային լրատվամիջոցները բաժանել իրեն ծառայողների եւ չծառայողների»։

«Իշխանամետ լրատվամիջոցների երեկվա հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը որոշեց դեմարկացիոն գիծ քաշել լրատվամիջոցների միջեւ», - ձեւակերպում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Եթե մեր գործընկերներն իսկապես դեմ լինեին քաղաքական շահարկումներին, ապա, երեւի, կգերադասեին բոլոր լրատվամիջոցների համաձայնեցված հայտարարությունը, եւ դա կխոսեր դրա վերքաղաքական, զուտ լրագրողական բնույթի մասին: Հայտարարությունն այս կազմով ստորագրելը նշանակում է մեկ բան. հիշյալ 17 լրատվամիջոցները հանդես են գալիս որպես մեկ քաղաքական թիմ՝ Քոչարյանի թիմը»: Խմբագիրը, ամեն ինչից զատ, մատնացույց է անում եւ մեթոդաբանական սխալ. «Լրատվամիջոցը պետք է լինի քաղաքական երկխոսության տեղ, Քոչարյանի առաջարկած հակառակ «խրամատներից» կյանքը լուսաբանելու դեպքում՝ մենք ակամայից նպաստելու ենք հասարակության պառակտմանը, եւ, որպես հետեւանք՝ պետության թուլացմանը»:

«Հայկական ժամանակ» թերթում էլ իմաստավորված է, որ երեկ հրապարակված հայտարարությամբ լրատվական դաշտը բաժանվեց մասերի: «Այս հայտարարությունը արվում է առաջին հերթին արտաքին աշխարհի համար», - ավելացվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Նրանք ուզում են միջազգային լրագրողական կազմակերպություններին եւ դիվանագիտական ներկայացուցչություններին ցույց տալ, որ իրենք ՝ լրագրողները, գտնում են, որ «Ա1+»-ի փակումը Հայաստանում արտառոց երեւույթ չէ»:

Ի պատասխան նախագահ Քոչարյանի հարցադրմանն էլ, թե «որեւէ լրագրող, լրատվամիջոց վերջին 3-4 տարում որեւէ ճնշում զգացե՞լ է», «Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է ժամանակագրություն, թե ինչպես 1999 թվականի սկզբից սկսած իրենք ակնհայտ հետապնդումների են ենթարկվել իշխանությունների կողմից:

«Հայրենի արմատական ընդդիմության ցանկացած պահանջի վերլուծությունը անխուսափելիորեն հանգեցնում է ցավալի, բայց ճշգրիտ ախտորոշման՝ «մառազմ», - որակում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - Հիմա էլ նրանք ուզում են, որ «իշխանությունը, խախտելով բոլոր օրենքները, ընդունի իրենց սրտին հարազատ որոշում՝ թույլատրելով մրցույթում պարտված հեռուստաընկերությունների գործունեությունը»:

«Գոլոս Արմենիի» թերթի մոտեցմամբ, իրավիճակից լավագույն ելքը ընդդիմությանը անսահմանափակ եթեր տրամադրելն է: «Ժողովուրդը լավ պետք է ճանաչի իր հերոսներին», - գրում է մեկնաբանը: - «Թող նրանք ամեն երեկո գան ամեն ընտանիք, այսժամ դժվար թե որեւէ մեկը հրապարակ գնա նրանց լսելու: Ինչո՞ւ հանրային հեռուստատեսությամբ բանավեճեր չկազմակերպվեն, թող ներկաները նախկինների հետ բանավիճեն եւ հեռուստադիտողը որոշի՝ ով է ավելի վատ: Այլապես կունենանք հանգիստ եթեր եւ աղմկոտ հրապարակներ»:

«Մենք հաճախ ենք ընդդիմությանը մեղադրում, թե փորձում են վերստեղծել 1995-96 թվականների իրավիճակը: Ցավոք», - նշվում է «Գոլոս Արմենիի»-ում, - «տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունն էլ նույնին է ձգտում»:

«Օր» թերթի անդրադարձում տեսակետ կա, որ նախագահ Քոչարյանն ու նրա շրջապատը չեն տարբերակում պոպուլիզմն ու դեմագոգիան, «չեն ընկալում պոպուլիզմի ոչ միայն կարեւորությունը, այլեւ էությունը»: Եվ որպես հետեւանք՝ ամենակարեւոր՝ բարոյահոգեբանական ճակատում, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները «Լեւոն Տեր-Պետրոսյանի ավանդույթի ընդամենը քիչ բարելավված տարբերակն են»:

Առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ ներկայիս իշխանությունների օրոք Ղարաբաղի հարցի կարգավորման բնագավառում նկատելի նահանջ է գրանցվել: «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում նա դա հիմնավորում է նրանով, որ «նախկինում Ղարաբաղն իր մասնակցությունն ուներ բանակցային գործընթացին, ինչպես նաեւ՝ երբեւէ Հայաստանի որեւէ տարածք չի եղել բանակցություններում սակարկման առարկա»:

«Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է կարողանան ղարաբաղյան հիմնահարցը զերծ պահել ներընտրական շահարկումներից եւ կարողանան այդ խնդիրը ժառանգել հաջորդ իշխանություններին գոնե այնպիսի վիճակում, որ նրանք կարողանան դա շարունակել ու հասցնել տրամաբանական ավարտի», - ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ» թերթում այսօր ասում է. «Իմ տպավորությամբ, Ռուսաստանում կարծես թե սկսում է շրջանառվել այն տեսակետը, որ ԱՄՆ ազդեցության ոլորտների ընդլայնումը Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ռուսական շահերի համար վտանգավոր չէ: Այսինքն՝ այս տարածաշրջան ներթափանցելով, ԱՄՆ-ն սկսում է կատարել այն գործառույթները, ինչը ավանդաբար իրականացրել է Ռուսաստանը... Եթե այս դիրքորոշումը ռուսական քաղաքական շրջանակներում գնալով ավելի գերակայող դառնա, ապա Հայաստանը, բնականաբար, որոշ սրբագրումներ պետք է մտցնի իր արտաքին քաղաքականության մեջ»:

Միեւնույն ժամանակ, Հովհաննիսյանը մտավախություն է շեշտում, որ այս դաշտում «Թուրքիայի ակտիվացումը շատ վտանգավոր է Հայաստանի համար», եւ հույս հայտնում, որ «Միացյալ Նահանգները ճիշտ կգնահատեն իրավիճակը... այսօրվանից կսանձեն իրենց դաշնակցի ախորժակը»:

Նախորդ օրը նախագահ Քոչարյանը, անդրադառնալով դրամի արժեզրկմանը, ասել էր, թե դա հարկային եւ մաքսային մարմինների ոչ ռիթմիկ աշխատանքի հետեւանքն է: «Հայկական ժամանակ» թերթն ավելի խորքային պատճառներ է տեսնում՝ մասնավորապես մատնանշելով. - «Դրամի արժեզրկման վրա էական ազդեցություն են ունենում բանկային համակարգի վերջին մի քանի ամիսների ցնցումները: Անվստահությունը հանգեցրեց նրան, որ մի շարք բանկերից տեղի ունեցավ շուրջ 30 մլն դոլարի արտահոսք: Ընդ որում, այդ արտահոսքը շարունակվում է: Արտահոսած գումարի մի մասը, իհարկե, վերադարձավ բանկային համակարգ, մյուս մասը մտավ անշարժ գույքի շուկա: Բայց մի որոշակի մասը բնակչությունը պահ տվեց «ներքնակի տակ»:

«Օր» թերթի մեկնաբանն էլ նշել է. «Բազմագործոնային այս երեւույթը՝ փոխարժեքային տատանումը, հանրապետության նախագահի կողմից մեկնաբանվում է ընդամենը մեկ գործոնով, եւ Կենտրոնական բանկն էլ անմիջապես հաստատում է դա: Մինչդեռ, ըստ փորձագետների, դրամի ներկայիս շարունակական արժեզրկումը հիմնականում կապված է պրոբլեմային առեւտրային բանկերից ավանդների արտահոսքի եւ արտարժույթի շուկայում փոխարժեքի նկատմամբ ձեւավորված վատատեսական սպասումների հետ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG