Մատչելիության հղումներ

Միջազգային կազմակերպությունը քննադատում է Հայաստանի իշխանություններին անկախ հեռուստաընկերությանը եթերից զրկելու համար


Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» հեղինակավոր կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայաստանյան «Ա1+» հեռուստաընկերությանը եթերից դուրս թողնելու կապակցությամբ: Սա արդեն երկրորդ միջազգային կազմակերպությունն է, որ ձայն է բարձրացնում ի պաշտպանություն «Ա1+»-ի:

«Քոչարյանի կառավարությունը ակնհայտորեն չարաշահում է կապուղիների արտոնագրման համակարգը՝ փորձելով լռեցնել քննադատող լրատվամիջոցի ձայնը», - ասել է այդ կազմակերպության գործադիր տնօրեն Էն Կուպերը երկուշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ: - «Մենք հուսով ենք, որ Տնտեսական դատարանը կբեկանի «Ա1+»-ի նկատմամբ ընդունված անարդար որոշումը»:

Հայտարարությունը, ուր, ի դեպ, հիշատակվում է այդ իրադարձության լուսաբանումը «Ազատություն» ռադիոկայանի կողմից, նշում է, որ «Ա1+»-ը «քննադատական կեցվածք» ունի Քոչարյանի նկատմամբ: Ասված է նաեւ,որ իշխանությունները հերքել են, թե ճնշումներ են գործադրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի վրա:

«Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ն «Ա1+»-ի կապուղուց զրկվելու առիթով հանդես եկող երկրորդ արեւմտյան կազմակերպությունն է: Ապրիլի 3-ին «Լրագրողներ առանց սահմանների» ֆրանսիական հասարակական կազմակերպությունը որոշումը բնութագրել էր որպես «վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում բազմակարծության ամենալուրջ խախտումը»:

«Ապրիլի 2-ին կայացրած վճիռը՝ մինչեւ օրս «Ա1+» հեռուստաընկերության կողմից տնօրինվող 37-րդ դեցիմետրային կապուղին «Շարմ» ընկերությանը տրամադրելու մասին առաջ է բերում լուրջ հարցադրումներ Հայաստանում ազատ եւ անկախ մամուլի ապագայի մասին», - ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան՝ ապրիլի 3-ին տարածած հայտարարության մեջ:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր իր անհամաձայնությունը հայտնեց Արեւմուտքի քննադատական գնահատականներին: «Ընդհանրապես օրենքի առկայությունը եւ հանձնաժողովի որոշումը, որ արվել էր օրենքի շրջանակներում... արհամարհվում էր, այդ թվում՝ օտար ներկայացուցիչների կողմից», - ասել է նախարարը: - «Այսօր Հայաստանում ազատ խոսքը հարգվում է»:

Նախագահ Քոչարյանը երեկ ասել է, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունը կասկածի տակ չի առել անցկացված մրցույթի օրինականությունը:

Այսօր նախագահի դիրքորոշումը պաշտպանող հայտարարությամբ հանդես են եկել հայաստանյան 17 պետական եւ պետականամետ լրատվամիջոցներ: «Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված չէ, եւ ԶԼՄ-ների գործունեության համար ստեղծված են անհրաժեշտ պայմանները», - ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, ուր նաեւ ընդդիմադիրներին հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու մեղադրանք է հնչեցվում:

«Ա1+» հեռուստաընկերության աշխատակազմը, մինչդեռ, շարունակում է աշխատել: Այսօրվանից հեռուստաընկերության «Այբ-Ֆե» լրատվական ծրագիրը ցուցադրվելու է «Ա1+»-ին պատկանող բար-ակումբում:


Էմիլ Դանիելյան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG