Մատչելիության հղումներ




Հայազգի մի վանական է վիրավորվել այսօր իսրայելցի զինվորականներով շրջապատված Բեթղեհեմի Սուրբ ծննդյան տաճարում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին:

Բեթղեհեմի հարեւանությամբ գտնվող Բեյթ Ջալայի լատինական ճեմարանի ռեկտոր հայր Մարուն Լահհամը «Ֆրանս Պրես» գործակալությանը հայտնել է, որ հայ վանականը վիրավորվել է այսօր առավոտյան իսրայելցիների արձակած կրակոցից: Այս տեղեկությունները նա հեռախոսով ստացել է տաճարում պատսպարված հոգեւորականներից, որոնցից 7-ը հայ վանականներ են:

Այս սրբավայրում ապրիլի 2-ից շրջափակված են մնում 200 պաղեստինցի զինյալներ եւ քաղաքացիական անձինք:

Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, 22-ամյա հայ վանական Արմեն Սինանյանը լուրջ վնասվածք է ստացել, եւ իսրայելական աղբյուրները չեն բացառում, որ նրան վիրավորել են իսրայելցի զինվորները: Նույն աղբյուրները, այնուամենայնիվ, նաեւ ենթադրում են, որ հայ վանականը կարող է վիրավորված լինել տաճարում գտնվող պաղեստինցիների արձակած գնդակով:

«Ասոշիէյթեդ Փրես»-ը մասնավորապես վկայակոչում է իսրայելցի զինվորականների, որոնք պնդում են, թե հայ վանականը վիրավորվել է այն պահին, երբ իսրայելցիները փորձել են սննդամթերք փոխանցել տաճարում պատսպարված մարդկանց, եւ պաղեստինցիները կրակ են բացել իսրայելցիների ուղղությամբ:

Երուսաղեմի Հայոց Պարտրիարքության ներկայացուցիչ Շիրվանյանը ասել է, թե երիտասարդ հոգեւորականը վիրավորվել է մեջքից, երբ կանգնած է եղել իր սենյակի լուսամուտի մոտ:

Շրջափակված պաղեստինցի ոստիկաններից մեկը, որը չի ներկայացել, հեռախոսով ասել է, թե վանականին սպանել են իսրայելցի զինվորները՝ դուռը կոտրելուց հետո: Նրա խոսքերով, տաճարի հատակին մնացել են արյան հետքերը:

Երուսաղեմի «Հադասսահ» հիվանդանոցի խոսնակը հայտնել է «Ռոյթեր»-ին, որ լուրջ վնասվածք ստացած հայ վանականը վիրահատության է ենթարկվել:

Այսօր Իսրայելի նախագահ Մոշե Կացավը նամակ է հղել Հռոմի պապ Հովհաննես Պողոս երկրորդին, հայտարարելով, որ Սուրբ Ծննդյան տաճարի շրջապապումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հանձնվել այնտեղ գտնվող պաղեստինցիները:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG