Մատչելիության հղումներ

Օսկանյանը հերքում է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը չորեքշաբթի օրը հերքեց Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոյալ Ռյաբովի՝ ադրբեջանական մամուլով փոխանցված հայտարարությունները հօգուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակի:

Ըստ ադրբեջանական մամուլի, Ռյաբովը ապրիլի սկզբին Բաքվում կայացած ասուլիսում խոսել է Ղարաբաղյան հակամարտության լուծման փուլային տարբերակի օգտին՝ նախ գրավյալ տարածքների, փախստականների վերադարձ, նոր միայն՝ կարգավիճակի հարցի լուծում:

Անդրադառնալով դրան, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր ասաց. - «Եթե իրոք այդպիսի հայտարարություն եղել է կամ Ադրբեջանի մամուլը կոնտեքստից կտրված չի փոխանցել միտքը, ապա դա նշանակում է, որ դա դեսպանի կարծիքն է եղել: Եվ եթե իրոք այդպիսին է իր կարծիքը, պետք է ասեմ, որ ընդհանրապես համահունչ չի այն զարգացումների հետ, որ այսօր տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակներում: Այսօր միակ խնդիրը կամ հարցը, որի շուրջ բոլորը համաձայնում են, դա այն է, որ հարցը պետք է ունենա փաթեթային լուծում»:

Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, ըստ «Ինտերֆաքս» գործակալության, երեկ Երեւանում ասել էր, թե «Ռուսաստանի պարտավորությունը չէ որոշել՝ խնդիրը փաթեթայի՞ն, թե՞ փուլային տարբերակով է լուծվելու: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պետք է որոշեն դա»:

Մարտի 14-ին Պրահայում կայանալու է Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Վարդան Օսկանյանը՝ դինամիկ եւ օգտակար համարելով հանդիպումների նաեւ նման ձեւը, կարծիք հայտնեց, որ այն հավանաբար ծանոթացման բնույթ կկրի, կճշտվեն օրակարգի որոշ հարցեր:

«Լուրջ բովանդակային քննարկումներ այս առաջին հանդիպումից մենք չենք սպասում», - ասաց արտգործնախարարը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG