Մատչելիության հղումներ

Նախկին արտգործնախարարը ընդլայնում է իր հասարակական գործունեությունը


Անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, որն արդեն ութերորդ տարին գործող Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավարն է, ստեղծում է նոր հասարակական կազմակերպություն՝ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնը, ըստ Հովհաննիսյանի, թեւակոխել է իր գործունեության նոր՝ տեսական աշխատանքը կիրառելի դարձնելու փուլը: Իսկ նորաստեղծ կազմակերպության հիմնական նպատակը «Հայաստանի քաղաքացուն, հանրությանը պետական, հասարակական գործընթացներին մասնակից դարձնել է»:

«Մենք ոչ մի քայլ չենք անելու առանց հանրային զորակցության, նկատողության, առաջարկի, քննադատության», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ծրագրվում է մոտ ապագայում, ի հավելումն արդեն հինգերորդ տարին հրատարակվող «Հայացք Երեւանից» քաղաքական, հասարակական, մշակութային վերլուծական ամսագրի, հրատարակել նաեւ «Օրրան» օրաթերթը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իր թեկնածությունը չի առաջադրելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Իսկ նորաստեղծ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» կազմակերպության՝ քաղաքական կուսակցություն վերածվելու հնարավորությանը վերաբերող հարցին, կազմակերպության հիմնադիրը պատասխանեց. «Ես երբեք կուսակցական չեմ եղել իմ կյանքի ընթացքում, եւ կուսակցությունները Հայաստանում արդեն շատ-շատ են: Ինչ էլ լինելու է, ծավալվելու է հանրության աչքի առջեւ: Ինչ կլինել հետո՝ մենք միասին կորոշենք»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG