Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ա1+»-ը որոշեց չանցնել Քոչարյանի թրի տակով: Իսկ սա նշանակում է, որ մեր երկրում ամեն ինչ չէ, որ կորած է», - փուլային հանգրվան է արձանագրում «Առավոտ»-ի խմբագրականը, որի որակմամբ՝ «Հանրային հեռուստատեսության առաջարկը՝ մեկ ամսով եթեր տրամադրել «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվական գործակալությանը, իր ցինիզմով անցնում է բոլոր սահմանները»:

«Քիչ էր, որ Քոչարյանի հրահանգով «Ա1+»-ը եթերից զրկվեց, հիմա էլ փորձում է բարերար ձեւանալ», - նշում է «Առավոտ»-ը՝ միաժամանակ վստահ, որ «Ա1+»-ի խնդիրը իրավական դաշտում էլ արդար լուծում չի ստանա:

«Առավոտ»-ի մեկ այլ անդրադարձում էլ, կրկին արձագանքելով նախագահ Քոչարյանի ձեւակերպմանը, թե՝ «Թող նախկին իշխանությունները հավաքվեին եւ միջոցներ տրամադրեին «Ա1+»-ին՝ օգնելով նրան հաղթել մրցույթում», մեկնաբանը շեշտում է. - «Եվս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ մեր երկրի նախագահը տեղեկատվական, ինչպես նաեւ՝ քաղաքական դաշտը, ըստ էության, միայն սեւ ու սպիտակի է բաժանում. կամ նախկին պետք է լինես, կամ՝ ներկա: Անկախ կամ ազատ, առանց «նախկին» կամ «ներկա» իշխանությունների հովանավորության, ընդհանրապես՝ առանց հովանավորչության՝ այս երկրում ոչինչ լինել չի կարող ու վերջ»:

Ըստ «Գոլոս Արմենիի» թերթի, ազատ խոսքի, անկախության հետապնդման մասին խոսք լինել չի կարող «Ա1+»-ի պարագայում, որովհետեւ այդ հեռուստաընկերությունը բնավ էլ անկախ չէ. «Այն որոշակի քաղաքական ուղղության՝ նախկինների խոսափողն էր եւ քարոզում էր հօգուտ հհշական ռեւանշի»:

«Գոլոս Արմենիի»-ում նաեւ տարակուսանք է արտահայտված, թե ինչու «Ա1+»-ը հրաժարվեց Հանրային հեռուստատեսության եթերից. «Չէ՞ որ ոչինչ ավելի կարեւոր չի կարող լինել լրատվամիջոցի համար, քան լսարանին հասանելի լինելը»:

«Հայկական ժամանակ»-ը փոխանցում է, որ «Ա1+»-ի աշխատակազմը շարունակում է ակտիվ աշխատել եւ գործունեության ծավալման նոր ծրագրեր է մշակում: Խոսքը մասնավորապես էլեկտրոնային էջի, լուրերի՝ տեսաերիզով ու թերթով թողարկման մասին է: Ընդհանրապես, հանրապետության քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, մտավորականների, ինչպեսեւ դրսից հնչող աջակությունը, օրինակ Ռուսաստանի հեռուստատեսային ակադեմիայի պրեզիդենտ Վլադիմիր Պոզների նամակը, աշխատակազմին լավատեսության հիմքեր է տալիս:

Ի պաշտպանություն «Ա1+»-ի՝ նախորդ ուրբաթ հանրահավաք կազմակերպած կուսակցությունների համակարգող խորհրդում երեկ քննարկել են, թե ինչ քայլեր կարող են հետեւել հաջորդ՝ ապրիլի 12-ի հանրահավաքին: «Մի քանիսը առաջարկել են երթ՝ մինչեւ նախագահական, մյուսները՝ նստացույց եւ պիկետ՝ նախագահականի դիմաց, մյուսները՝ չլքել Բաղրամյան պողոտան, մինչեւ նախագահը չիրականացնի ներկայացված պահանջները: Կուսակցությունները պետք է քննարկեն բոլոր տարբերակները եւ չորեքշաբթի ընդունեն հանրահավաքի զարգացման հետագա ծրագիր» («Հայկական ժամանակ»):

Մասնակիցներից նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. «Հնարավոր է, որ նախագահը գնա նոր անօրինականությունների եւ 2000թ. հոկտեմբերի 30-ի օրինակով ձերբակալի «անօրինական» նստացույցի կամ երթի կազմակերպիչներին: Բայց Քոչարյանը սպառել է «անօրինականություն» իրականացնելու հնարավորությունը: Նա այլեւս կորցնում է վերահսկողությունը քաղաքական դաշտի վրա: Մի քանի ամիս առաջ մենք 3-ն էինք, այսօր՝ 14-ը, վստահ եղեք, որ մի քանի ամիս հետո նրա կողքին ոչ մի ուժ չի լինի»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով՝ «Ե'վ հեռուստաընկերության, եւ' նրա պաշտպանությամբ հանդես եկողների դիրքերը բավականին ամուր են: Պատահական չէ, որ «Ա1+»-ը հրապարակավ հրաժարվել է ՀՀՇ-ական ծագում ունեցող «պաշտպաններից», իսկ հանրահավաքներ նախաձեռնող բազմակուսակցական կազմկոմիտեն անընդունելի է համարել ՀՀՇ-ականների մասնակցությունը հանրահավաքների կազմակերպմանը, քանի որ վերջիններս իրենց իշխանության օրոք իրենց արատավորել են լրատվամիջոցներ փակելով: Դա նշանակում է, որ իշխանական քարոզչական մեքենային փոքր-ինչ դժվար կլինի «ռեւանշիզմի» պիտակ փակցնել հեռուստաընկերությանը եւ նրան պաշտպանող ընդդիմադիր ուժերին», - բխեցրել է մեկնաբանը:

Ընդհանուր առմամբ, «Իրավունք»-ում ընդգծված է հետեւյալ օրինաչափությունը. «Քաղաքական ու լրատվական դաշտերը Հայաստանում հաղորդակից անոթներ են: Երբ որ ճնշումներ են գործադրվում քաղաքական դաշտի որեւէ հատվածի նկատմամբ, անմիջապես լինում է համարժեք արձագանք լրատվական դաշտում, ինչի ականատեսները բազմիցս եղել ենք: Այժմ ականատես ենք հակառակ գործընթացի. լրատվական դաշտի նկատմամբ իշխանական ճնշումների եւ, ըստ էության, այդ դաշտի մի մասի փակումը հանգեցրեցին նրան, որ քաղաքական դաշտն արձագանքեց բավականին կտրուկ գործողություններով... Եվ եթե ճնշումները լրատվական դաշտի նկատմամբ չդադարեն, ապա դժվար չէ կանխատեսել, որ հանրահավաքային ալիքը կշարունակվի»:

Քաղաքագետ Իգոր Մուրադյանը «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ կիսվել է իր հետեւյալ դիտարկումներով. «Ընդդիմությունը փորձում է նախընտրական արշավ ծավալել տրամաբանական ժամկետներից շուտ՝ թույլ չտալու, որ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա թիմը նախապատրաստվելու անհրաժեշտ ժամանակ ունենան: Քոչարյանն այդպես էլ չկարողացավ լուծել իր նախընտրական արշավի նախապատրաստման էական հարցերը: Նա չցանկացավ եւ չարեց երկու բան. չանցկացրեց լիբերալ բարեփոխումների արդյունքների վերաամփոփում եւ այդպես էլ առաջ չքաշեց ավանդական դարձած հարցը՝ որտե՞ղ են ի վերջո ստացված վարկերը: Նախագահը խրվեց պայքարի մեջ իր աղմկոտ, բայց մանր ու անսկզբունքային մրցակիցների հետ, պայքարեց ՀՀՇ-ի դեմ: Բայց նա պայքար չծավալեց իր գլխավոր մրցակցի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ եւ դրա համար գուցե թանկ կվճարի եթե ոչ մեկ տարի, ապա հինգ տարի անց»:

Ըստ Իգոր Մուրադյանի, ՀՀՇ-ն եւ Տեր-Պետրոսյանը առայժմ չունեն լուրջ եւ ամենակարեւորը՝ պարտավորեցնող կապեր: «Քոչարյանը կարող է պրոբլեմներ ունենալ միայն Միացյալ Նահանգների հետ», - սակայն քաղաքագետը ԱՄՆ-ի վարչակազմի շահագրգռություն չի տեսնում: - «Քոչարյանը ցանկանում է թե ոչ, գիտակցում է թե ոչ, հաջողությամբ իրականացնում է «Հայաստանի ռեզերվացումը, որպես ԱՄՆ-ի ապագա գործընկեր-փաստարկ» դոկտրինը... Ղարաբաղյան հիմնախնդիրն էլ չի հետաքրքրում Միացյալ Նահանգներին ո'չ կարճաժամկետ, ո'չ երկարաժամկետ հեռանկարում»: Իգոր Մուրադյանի համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանն էլ հիանալի հասկանում է, որ ինքը չի կարող լուծել Ղարաբաղյան հարցը եւ չի էլ պատրաստվում դա անել»:

«Տնտեսական արտագաղթը շարունակվում է» վերնագրի տակ «Օր» թերթը փաստում է. «2001 թվականին Հայաստանից արտագաղթողների թիվը ավելի քան 56 հազար մարդով գերազանցել է ներգաղթողների թիվը... Միգրանտները հիմանակում 36-49 տարեկան տղամարդիկ են եւ ունեն բարձրագույն կրթություն»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG