Մատչելիության հղումներ

«Շարմ»-ը առայժմ չի հրապարակում հեռարձակումը սկսելու ամսաթիվը


Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ ապրիլի 2-ի մրցույթում հաղթող ճանաչված «Շարմ» ընկերությունը դեռեւս չի ստացել թիվ 37 դեցիմետրային կապուղով հեռարձակման արտոնագիրը եւ առայժմ չի հրապարակում հեռարձակումն սկսելու ամսաթիվը:

Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ պատճառը դեռեւս չվճարված՝ արտոնագրային տուրքն ու վճարն են, ինչը անելու եւ արտոնագիրը ստանալու համար «Շարմ»-ը ժամանակ ունի մինչեւ ապրիլի 12-֊ի աշխատանքային օրվա ավարտը, հակառակ դեպքում մրցույթը չեղյալ կհայտարարվի:

«Շարմ» ընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանը ասաց, թե 700 հազար դրամի մուծումը պրոցեսի մեջ է:

Ըստ օրենքի, հաղորդումների եթեր հեռարձակելու ամսաթիվը պետք է նշվի արտոնագրում: Ջաղինյանը, սակայն, կոնկրետ ամսաթիվ չնշեց՝ վկայակոչեց օրենքի մյուս պահանջը՝ առավելագույնը վեց ամսվա ընթացքում:

Անդրադառնալով ապրիլի 2-ի մրցույթի արդյունքների կապակցությամբ բարձրացած բողոքի ալիքին, ընկերության տնօրենն ասաց. - «Շատ անկեղծ ենք նախապատրաստվել: Դրա հետ կապված որեւէ խնդիր չենք տեսնում: Պատրաստվում ենք նորմալ եթերի: Դա կլինի մեր գնահատականը»:

Մինչ «Շարմ»-ը հեռարձակման է պատրաստվում եւ հայտարարում, թե անկեղծորեն, լրջորեն նախապատրաստվել ու հաղթել է մրցույթում, կապուղուց զրկված «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը տնտեսական դատարանում վիճարկում է մրցույթի անցկացման կարգը՝ հիմնավորելով, որ խախտվել են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի դրույթներ: Դատական նիստը նշանակված է ապրիլի 16֊-ին:

Նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե ինչպես է նախագահ Քոչարյանն ընդունել «Ա1+»-ի աշխատակազմի հրաժարվելն իր հետ հանդիպելուց, փոխանցեց. - «Նախագահը շահագրգռված է ժողովրդավարության, խոսքի ազատության պաշտպանությամբ եւ հետագա զարգացմամբ, եւ պատրաստակամություն էր հայտնել հանդիպել «Ա1+» հեռուստաընկերության կոլեկտիվին, որպեսզի նրանց հետ քննարկեր ստեղծված իրավիճակի հետ կապված նրանց մտահոգությունները: Հեռուստաընկերությունը նպատակահարմար չգտավ ընդունել հրավերը, դա նրանց գործն է: Հրավերը բարյացակամ վերաբերմունքի արտահայտություն էր, սակայն դրա մերժումը նախագահի համար որեւէ զգայական նշանակություն չունի»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG