Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի հայ անդամները հանդիպում են Երեւանում


Երկուշաբթի օրը Երեւանում հանդիպել են անցած դեկտեմբերին հայկական կողմի նախաձեռնությամբ աշխատանքը դադարեցրած Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի չորս հայ անդամները:

«Մենք շատ կուզենայինք շարունակել հանձնախմբի աշխատանքը, սակայն դա կախված է թուրքական կողմից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց անանուն մնալ ցանկացած հայ անդամներից մեկը: Նրա խոսքերով, Օսմանյան կայսրությունում 1915 թվականի հայկական ջարդերի նկատմամբ ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառելիության ուսումնասիրություն անցկացնելու նկատմամբ տարաձայնությունը շարունակում է հիմնական խոչընդոտը մնալ հանձնախմբի վերակենդանացման ճանապարհին:

Նման ուսումնասիրություն անցկացնելու խնդրանքով անցած տարվա նոյեմբերին բոլոր 10 անդամների (որոնցից վեցը ներկայացնում են թուրքական կողմը, չորսը՝ հայկական) համատեղ որոշմամբ հանձնախումբը դիմել էր Նյու Յորքում գործող Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնին:

Ավելի ուշ, սակայն, հայկական կողմը դեկտեմբերի 11-ի հայտարարությամբ դադարեցրեց իր մասնակցությունը, քանի որ թուրքական կողմը միակողմանիորեն դիմել էր Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնին՝ խնդրելով չանցկացնել նշված ուսումնասիրությունը:

Հանձնախմբի անդամներից մեկի խոսքերով, թուրքական կողմից «որեւէ ազդակներ չկան», թե նրանք արդեն համաձայն են ուսումնասիրության անցկացմանը, չի նկատվում, թե նրանց դիրքորոշման մեջ փոփոխություններ կան:

Հայկական կողմն իր հերթին չի պատրաստվում շրջանցել այդ հարցը: «Դա մեզ համար սկզբունքային նշանակություն ունի, որովհետեւ խախտվել է նախօրոք ձեռք բերված համաձայնությունը», - ասաց նա:

Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ երկխոսությունը շարունակելու միտումներ են դրսեւորում: Հանձնախմբի թուրք անդամներից մեկը՝ Ստամբուլում գործող քաղաքական հետազոտությունների մասնավոր կենտրոնի ղեկավար Ուսթուն Էրգուդերը հունվար ամսին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե ինքը եւ հանձնախմբի մյուս 5 թուրք անդամները վստահ են, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող այդ նախաձեռնությունը հնարավոր է վերակենդանացնել:

Մոտ մեկ ամիս առաջ հանձնախմբի գործունեությանը քաջատեղյակ աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանի ասել էր, թե ոչ պաշտոնապես շփումները շարունակվում են. «Կարող եմ ասել, որ մեռած չեն ո'չ հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի գործունեությունը ո'չ էլ բուն հանձնախումբըը», - ասել էր նա:

Հանձնախմբի հայ անդամներից մեկի կարծիքով, իրենց գործունեության շնորհիվ հայ-թուրքական երկխոսության համար որոշակի հնարավորություններ ստեղծվեցին:

«Հայաստանը պետք է բաց լինի Թուրքիայի հետ երկխոսության համար եւ փորձի տեղաշարժ արձանագրել մեր հարաբերություններում», - ապրիլի 4-ին ասել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG