Մատչելիության հղումներ

Բնապահպանական ծրագրի շրջանակներում Հայաստանին կհատկացվի 16 միլիոն դոլար


Առաջիկա վեց տարիներին Համաշխարհային բանկը եւ դոնոր երկրները 16 միլիոն դոլար կհատկացնեն՝ Հայաստանի հյուսիս-արեւելյան երկու մարզերի՝ Տավուշի եւ Գեղարքունիքի բնապահպանական համալիրի վերականգման նպատակով։

Բնական ռեսուրսների կառավարման եւ աղքատության նվազեցման ծրագիրն սկսելու մասին համաձայնագիրն այսօր Երեւանում ստորագրեցին Համաշխարհային բանկի բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ադրիանա Դամյանովան եւ Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը։

Բնապահպանության նախարարի հավաստմամբ, այս ծրագիրը աննախադեպ է նրանով, որ տրվելիք գումարի ուղիղ կեսը ոչ թե վերադարձման ենթակա վարկ է, այլ դրամաշնորհ:

«16 միլիոն դոլարից 52 տոկոսն է միայն վարկային ռեսուրսներ, որոնք տրամադրվում են խիստ արտոնյալ պայմաններով», - ասաց Վարդան Այվազյանը:

Դրամաշնորհային մասից 5 միլիոն 200 հազար դոլար տալու է «Գլոբալ» բնապահպանական հիմնադրամը իսկ 1 մեկ միլիոն դոլար՝ Շվեդիայի կառավարությունը։ Դրանք կհատկացվեն Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի կողմից հունիս ամսին հաստատվելուց հետո։

Ծրագրի գումարներով, թերեւս, ակնկալվում է կանխել վերջին տարիներին բնական պաշարների անխնա ոչնչացումը: Ըստ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Մերուժան Միքայելյանի, վերջին տասնամյակում հատվել է երկրի անտառային ֆոնդի առնվազն տասը տոկոսը, անդառնալի վնասներ են հասցվել հողային, ջրային եւ բուսական ֆոնդին: Նրա խոսքերով, բնական պաշարների «իսպառ կորուստ է» սպառնում:

«Եթե երկիրը գործուն կառավարման համակարգ չունենա, ապա որքան էլ ներդրումներ կատարվեն, դրանք անարդյունավետ կանցնեն», - ասաց փոխնախարարը:

Պաշտոնյաները խոստովանում են, որ բնության պաշարների անխնա թալանը, որ եղել է նախընթաց տարիներին, կառավարման բացակայության արդյունք էր: Իսկ կառավարում չի եղել, քանի որ վարկային եւ դրամաշնորհային միջոցներ չեն եղել:

Այս ծրագրի շահառուները, ինչպես փաստեցին Համաշխարհային բանկի եւ կառավարության պաշտոնյաները, լինելու են աղքատ համայնքները։ Ընտրվել են Տավուշի եւ Գեղարքունիքի 100 համայնքները, քանի որ հանրապետության ամենաաղքատ մարզերը դրանք են:

Աղքատ համայնքների շահառու բնակչությունը հնարավորություն կստանա այդ ծրագրի շրջանակներում մասնակցել անտառների, արոտավայրերի, ճանապարհների, ոռոգման համակարգերի վերականգնմանը: Իսկ դրանք հավելյալ աշխատատեղեր են, ուստիեւ՝ լրացուցիչ եկամուտներ:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG