Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Հայաստանի Հանրապետություն» թերթի, երեկվա հանրահավաքի կազմակերպիչները «իրենց հաշվարկներում կրկին սխալվել էին՝ մոռանալով, որ ժողովուրդը նույն հրապարակում տարիներ առաջ բռունցքվել է ամենեւին այլ նպատակով, քանի որ ժողովուրդը թացն ու չորը լավ է ջոկում»:

«Օր» թերթի հայացքով, մարդիկ ընդհանրապես հիասթափված են ու առանց հավատի. «Նախկինները դարձել են ընդդիմություն, ներկաներն էլ իրենց գործերով ու անգործությամբ չեն տարբերվում նախկիններից: 14 տարի շարունակ ժողովուրդը, աչքի առջեւ ունենալով քաղաքական գործիչներին՝ ընդդիմություն լինեն, թե իշխանություն, հրաշալի հասկանում է եւ գիտի, թե ո'վ ով է՝ երեկ, այսօր: Այնպես որ, ժողովրդի «հաշվով» առանձնապես մեծ հույսեր, թերեւս, չպետք է փայփայել... Ժողովուրդը ինքն իր հետ է՝ առանց «տիրոջ», մոլորված»:

Թեեւ հանրահավաքը նախաձեռնողների շարքում բուն հհշամերձներ չկային, այնուամենայնիվ, - գնահատում է «Ազգ» թերթի մեկնաբանը, - «այս ուժերը սկսել են իսկապես պարել նախկինների նվագի տակ»։ «Ազգ»-ում մեկ այլ մեղադրական սեւեռում էլ հետեւյալն է. «Հանրահավաքի կազմակերպիչներից եւ ոչ մեկը հավաքված ստվար բազմությանը չփորձեց ներկայացնել իրավական այն հիմքերը, որոնք թույլ չպիտի տային հեռուստաընկերության լիցենզիայից զրկումը։ Ավելին՝ գրեթե ոչ մեկը նրանցից չփորձեց կարեւորել «Ա1+»-ի օպերատիվ լրատվական բլոկի գործունեությունը, այլ շեշտը դրվում էր միայն ընդդիմությանը եթերից զրկելու իշխանության ջանքերի վրա»։

Նման երանգներով է նաեւ «Հայոց Աշխարհ» թերթի անդրադարձը: «Մենք այս աղմուկին հանգիստ ենք վերաբերում», - «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը: - «Կարծում եմ, հարցը, այնուամենայնիվ, իր լուծումը կգտնի, միաժամանակ 100 տոկոսով վստահ եմ, որ ո'չ ռեւանշիստական ուժերին, ո'չ էլ պատեհապաշտ քաղաքական գործիչներին չի հաջողվի օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Այդ է վկայում ժողովրդի ընդհանրական գնահատականը կատարվածին»:

«Ի վերջո», - ընդգծում է Նաղդալյանը, - «հենց նման գործիչների առատությունը մրցույթի արդյունքների ամփոփման նախորդ օրվա եթերում, կանխեց հնարավոր բազմության ներկայությունը այնտեղ, ուր ժողովրդին հրավիրել էին ՝ սատարելու «Ա1+»-ին»: «Ա1+»-ն էլ, ըստ Տիգրան Նաղդալյանի, «ի սկզբանե սխալ, անհասկանալիորեն հարձակողական պահվածք դրսեւորեց մնացած հեռուստաընկերությունների եւ լրատվամիջոցների նկատմամբ, կարծես փորձելով կանխել գործընկերների հավանական աջակցությունը»:

«Շախ եւ մատ» վերնագրով է «Հայկական ժամանակ»-ը փոխանցում «Ա1+»-ի աշխատակազմի որոշումը՝ չընդունել նախագահ Քոչարյանի՝ հանդիպելու հրավերը: Իսկ «Առավոտ»-ի խմբագրականը նշում է. «Կարծես թե ժամանակն է Եվրախորհրդին դիմելու, որ կամ Հայաստանին զրկեն այդ կազմակերպությանն անդամակցելուց, կամ մեզ ազատեն մեր որոշ «եվրոպական» պարտավորություններից: Քանի որ, դատելով ամեն ինչից, դրանց կատարումը ոչ թե խթանում է ժողովրդավարության զարգացմանը, այլ ճիշտ հակառակը՝ շուռ է գալիս դրա դեմ, ...ամրապնդում բռնապետությունը՝ այն իմաստով, որ իշխանությունների համար քողածածկույթ է՝ անարգել եւ օրենքի շրջանակներում խեղդելու ժողովրդավարության գործիքները: Եվրախորհրդի առաջարկների հիման վրա Քոչարյանը արդեն հաշիվները մաքրեց «Ա1+»-ի հետ, վաղը Եվրախորհրդին անդամակցությունը հնարավորություն կտա կտրելու անկախ մամուլի ձայնը»:

«Գոլոս Արմենիի» թերթի մատուցմամբ, կոշտ դիմակայության իրավիճակը, երբ հասարակական պահանջ է դառնում ոչ թե արարումը, այլ քանդումը, այն նվազագույն անհրաժեշտ պայմանն է, երբ Տեր-Պետրոսյանի՝ կրկին առաջնորդ դառնալը չի կարելի բացառել: «Բայց», - ամփոփված է այստեղ, - «քանի որ հույս կա՝ մոտակա տարիներին որեւէ հատուկ կատակլիզմ չի լինի, ենթադրելի է, որ նախկին նախագահի եւ ՀՀՇ-ի վերականգնման հավանականությունը նվազագույն է»:

«Անցած այլանդակություններով ներկա այլանդակությունները արդարացնելու մեջ ես առանձին կուռ տրամաբանություն չեմ տեսնում», - գրում է այսօր «Առավոտ»-ի խմբագիրը: - «Ռոբերտ Քոչարյանը եւս 80-ականների վերջի հեղափոխական Շարժման ծնունդ է: Ասել այդ Շարժման մասին միայն լավը կամ միայն վատը՝ անհնար է: Կարեւորն այն է, որ ամեն մի լավ կամ վատ բան պետք է սպառվի իրեն տրված ժամանակի մեջ: 14 տարի է անցել, եւ արդեն ժամանակն է, որ մեր երկիրը ղեկավարվի ավելի պահպանողական, ավելի «կայունամետ» իշխանության կողմից: Ներկայիս նախագահը նույնպես անընդհատ խոսում է կայունության մասին, գուցե գիտակցական մակարդակով նույնիսկ հասկանում է դրա անհրաժեշտությունը: Բայց նրա ամեն մի քայլ, ամեն մի ելույթ իրականում ուղղված է հասարակությանը գրգռելուն եւ իրավիճակը էլ ավելի ապակայունացնելուն»:

«Պետական փայլուն գլուխներ» համաստեղությունից «Առավոտ»-ն այսօր մատուցում է Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին, վարչապետ Մարգարյանին եւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանին՝ հետեւյալ դիտարկումներով. քաղաքապետն ընկած է ինքն իրեն գովազդող միջոցառումների հետեւից: Մինչդեռ ավելի լավ է սովետական շաբաթօրյակների ոճով շյուղ տնկելու փոխարեն «քաղաքի հաստաբուն ծառերը չկտրատի՝ եւս մի բենզալցակայանի տեղ ազատելու համար»:

Վարչապետ Մարգարյանը ինքն իրեն զենքով է պարգեւատրում եւ գոնե անհարմար զգալու փոխարեն «ծառայողական հետաքննություն է անցկացնում՝ պարզելու համար, թե ինչպես է փաստաթուղթը դուրս եկել գերատեսչությունից»: Հովհաննես Հովհաննիսյանն էլ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովից վերադառնալով, անցուդարձից առավել անդրադառնալի է համարում, որ հայկական պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը իրենցից առանձին տեղավորվել էր թարկարժեք հյուրանոցի՝ օրական 700 դոլարանոց համարում: Ինչքան էլ սա այպանվի որպես կոլեկտիվիզմի դրսեւորման բացակայություն, այս բոլորում որոշակի կոլեկտիվիզմ ակնբախ է:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG