Մատչելիության հղումներ

Բազմահազարանոց հանրահավաքը դատապարտում է «Ա1+»-ի փակումը





Տասը հազարից ավելի մարդ էր հավաքվել այսօր Ազատության հրապարակում՝ դատապարտելու «Ա1+» անկախ հեռուստաընկերության փակումը: Հանրահավաքը նախաձեռնող 14 ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները հայտարարեցին, որ եթե «Ա1+»-ը մեկ շաբաթվա ընթացքում եթեր չվերադառնա, համազգային բողոքը կարող է վերաճել «քաղաքացիական անհնազանդության»:

«Ռոբերտ Քոչարյանի վարչակարգը սանձարձակ հարձակում է սկսել խոսքի ազատության դեմ՝ իր ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով», - ասված է հանրահավաքը նախաձեռնողների համատեղ բանաձեւում:

«Մենք նրան մեկ շաբաթ ենք տալիս «Ա1+»-ը վերաբացելու համար», - ասաց նախկին վարչապետ, ներկայումս «Հանրապետության» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Արամ Սարգսյանը: - «Հակառակ դեպքում մենք այլ քայլերի կդիմենք»:

Բանաձեւը նախազգուշացնում է, որ եթե «Ա1+»-ի հեռարձակումը չվերսկսվի մինչեւ հաջորդ ուրբաթ, բողոքի ալիք կբարձրանա ամբողջ երկրում: Բանաձեւի հեղինակները, այդ թվում՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ) եւ «Սոցիալիստական Հայաստան» քաղաքական միավորումը, Քոչարյանի վարչակազմի դեմ հնչեցրեին «հասարակական կարծիքի վրա ազդելու մենաշնորհի» ձգտելու մեղադրանքներ:

Հանրահավաքում կրկին բարձրաձայնվեց, որ «Ա1+»-ին կապուղուց զրկած Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը գործել է Քոչարյանի հրահանգով:

Հանձնաժողովը «Ա1+»-ի հեռարձակման կապուղին փոխանցել է մինչ այժմ զվարճալի ծրագերի թողարկմամբ զբաղվող «Շարմ» ընկերությանը՝ փաստարկելով, թե նրանց ներկայացրած մրցութային առաջարկը գերադասելի էր: Հանձնաժողովի անդամները պնդում են, որ նախագահի կողմից որեւէ ճնշման չեն ենթարկվել: Ռոբերտ Քոչարյանը նույնպես ասել է, որ չի միջամտում հանձնաժողովի գործունեությանը:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նախագահ Քոչարյանին մեղադրեց «հասարակական կարծիքն արհամարհելու» մեջ:

«Ահա թե ինչպես է Քոչարյանն ուզում ուժեղացնել իր վարչակազմը եւ ապահովել իր հաղթանակը գալիք տարվա նախագահական ընտրություններում: Բայց դա չի ստացվի», - հանրահավաքում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը:

«Նրանք ուզում են, որ մենք այլեւս չկարողանանք խոսել ընտրակեղծիքների մասին», - ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկտրչյանը:

Ղազախստան եւ Ղըրղզստան կատարած հնգօրյա պաշտոնական այցից հետո Ռոբերտ Քոչարյանը այսօր վերադարձել է Երեւան եւ վաղը հանդիպում է ունենալու «Ա1+» հեռուստաընկերության աշխատակազմի հետ:

Նախագահի աշխատակազմին մոտ կանգնած որոշ պաշտոնյաներ առաջարկել են, որ «Ա1+»-ը մասնակցի մեկ այլ կապուղու մրցույթի: «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մելս Մովսեսյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ պնդելու է, որպեսզի անվավեր ճանաչվեն ապրիլի 2-ին կայացած մրցույթի արդյունքները:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG