Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Վրաստանը քննարկում են ռազմական ոլորտում համագործակցության հնարավորությունները





Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ջոնի Փիրցխալաիշվիլու եռօրյա աշխատանքային այցի ավարտին ուրբաթ օրը Երեւանում ստորագրվեցին այցի արդյունքներն ամփոփող եւ Հայաստանի ու Վրաստանի միջեւ ռազմական համագործակցության ոլորտներին վերաբերող արձանագրություններ:

Փաստաթղթերի ստորագրումից հետո հրավիրված ասուլիսում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանն ասաց, որ վրաց գործընկերոջ հետ քննարկել են ռազմական ոլորտում համագործակցություն սկսելու հնարավորությունները:

Հարությունյանի խոսքերով, աշխատանքային խմբերը կմշակեն առաջարկություններ, դրանք կներկայացնեն պաշտպանության նախարարներին: Հետագայում նախարարների կամ անգամ պետությունների ղեկավարների մակարդակով կստորագրվի համապատասխան փաստաթուղթ:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի հարցեր: «Հայաստանը շահագրգռված է, որ Վրաստանում իրավիճակը կայուն լինի», - ասաց Միքայել Հարությունյանը:

Անցյալ տարվա հոկտեմբերին աշխատանքային այցով Վրաստան էր մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարը: Վերադառնալով Թբիլիսիից, Սերժ Սարգսյանն ասել էր, թե կողմերի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել զինվորական գերատեսչությունների մակարդակով շփումները դարձնել պարբերական:

Անցած ամիս Երեւանում Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի պաշտպանության նախարարները ստորագրեցին «Պաշտպանության եւ անվտանգության բնագավառում համագործակցության մասին» հուշագիրը: «Ստորագրված հուշագիրը ռազմական ոլորտում համագործակցության սկիզբն է», - ասել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Այսօր ավելի վաղ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ջոնի Փիրցխալաիշվիլուն եւ նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել էր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

«Մեր ցանկությունն է Վրաստանը տեսնել կայուն, տնտեսապես զարգացած եւ ուժեղ պետություն», - ասել է վարչապետը: Անդրանիկ Մարգարյանը նաեւ մտահոգություն է հայտնել Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների, հատկապես հայաշատ Ջավախքի եւ Աբխազիայի բնակչության ճակատագրի համար: Նա հույս է հայտնել, որ Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա քաղաքական ինչ-ինչ ուժերի ապակայունացնել իրավիճակն ու լարվածության նոր օջախներ ստեղծել, եւ անհրաժեշտության դեպքում Վրաստանի իշխանությունները արմատական քայլեր կձեռնարկեն:

Պատասխանելով Վրաստանում ամերիկյան զինվորական ներկայությանը վերաբերող հարցին, Ջոնի Փիրցխալաիշվիլին տեղեկացրեց, թե մոտ ժամանակներս Միացյալ Նահանգներից Վրաստան են գալու 150-200 մասնագետ-հրահանգիչներ: Ուսուցման առաջին փուլը կատարվելու է Վրաստանի ցամաքային զորքերում, գլխավոր շտաբի արտակարգ իրավիճակների կենտրոնում: Հաջորդ փուլում վերապատրաստվելու է արդեն երկու գումարտակ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG