Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Երեկ Երեւանի փողոցներում շրջում էին մեգաֆոններով զինված ավտոմեքենաներ, որոնք հայտարարում էին, թե այսօր ժամը 17.00-ին նախատեսված հանրահավաքը հետաձգվում է: Մինչդեռ, հանրահավաքի կազմակերպիչները հայտարարում են, որ հանրահավաքը ոչ միայն չի հետաձգվել, այլ նաեւ արտոնվել է քաղաքապետարանի կողմից: Իսկ նման գործողությունները կազմակերպվում են իշխանությունների կողմից եւ ուղղված են հանրահավաքը տապալելուն», - ուղղանշել է «Հայկական ժամանակ»-ը:

«Առավոտ»-ի հարցին՝ ինչպես է վերաբերվում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի առաջարկին, թե կարող են առաջիկա մեկ ամսվա ընթացքում օրական մեկ անգամ «Այբ Ֆե» լրատվական ծրագիրը հեռարձակել «Հ1»-ով, «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանն ասել է. «Դա մեր ծրագրերի մեջ չի մտնում: Մենք ցանկանում ենք պահպանել մե'ր դեմքը, մե'ր հեռուստաալիքում»:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Ա1+»-ին եթերից զրկելը հենց նախագահի հրահանգով է կատարվել», - «Առավոտ»-ի հարցազրույցում այսօր ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: - «Մնացած ամեն ինչը՝ օրենքը, հանձնաժողովի անկախությունը եւ անփոփոխելիությունը դատարկ խոսակցություններ են... Չի բացառվում, որ որոշ քաղաքական ուժեր իսկապես փորձեն շահարկել «Ա1+»-ի փակումը, բայց տվյալ դեպքում մեզ չպիտի հետաքրքրի՝ շահարկո՞ւմ են, թե չեն շահարկում. այսօր խնդիրը մեկն է՝ «Ա1+»-ը բացելը... Այլապես, եթե այս մի բանը մարսեն՝ կգնան հաջորդ քայլերին»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով, «Ա1+»-ի շուրջ բարձրացած աղմուկից տուժեց հեռուստաընկերության կոլեկտիվը, տուժեցին նաեւ Հայաստանի իշխանությունները, չէ՞ որ «առիթն օգտագործելով՝ ոչ միայն ասպարեզ իջան իրենց վրա արդեն նավթալինի բուրմունք կրող, վաղուց անհետացած շատ «գործիչներ», այլեւ տեղի ունեցավ գրեթե ողջ ընդդիմադիր դաշտի փաստացի միավորումը»: Ու միմիայն հենց ռեւանշիստկան ուժերն էլ շահեցին, - գնահատում է մեկնաբանը, ի վերջո շեշտելով. - ««Ա1+»-ի խնդիրը ոչ միայն հնարավոր է լուծել, այլեւ անպայման լուծվելու է: Ուղղակի մեր գործընկերները պետք է ցուցաբերեն անհրաժեշտ խելամտություն»:

«Հայոց Աշխարհ»-ում նաեւ տարակուսանք է արտահայտված, թե ինչպես «Ա1+»-ի աշխատակազմը կարող է դեռ մտմտալ՝ ընդունե՞լ, թե՞ ոչ նախագահ Քոչարյանի՝ ապրիլի 6-ին հանդիպելու հրավերը:

«Թե ինչու պիտի հանրապետության նախագահը փորձի միջամտել անկախ հանձնաժողով կոչվածի շրջանակներում ընթացող գործընթացներին, ոչ մի կերպ հասկանալի չի դառնում», - նշում է «Ազգ» թերթի մեկնաբանը, անմիջապես, սակայն, ավելացնելով. - «Կոլեկտիվի հետ նախագահի հանդիպումը եւ այդպիսով լուծման ելքեր գտնելն այս իրավիճակից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհն է»:

«Որպեսզի Ռոբերտ Քոչարյանը լիովին հավասարվի Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրան մնում է միայն «Ա1+»-ի փակման գործընթացը հասցնել մինչեւ վերջ եւ այս ամենին հավելել որեւէ կուսակցության փակումը», - որակավորել է «Իրավունք» թերթը: - «Ռոբերտ Քոչարյանը փաստացի ի ցույց հանեց իր հակումը հետեւելու հեռուստաընկերություն փակելու «ռուսական» մոդելին, այսինքն՝ լռեցնել անհաճո հեռուստաալիքը, իսկ հետո կոլեկտիվին տրամադրել աշխատանք, սակայն իշխանության նկատմամբ ավելի բարեհաճ ղեկավար կազմով»:

«Այն, որ «Ա1+»-ը փակելիս վատ էին հաշվարկել հետեւանքները, ակնհայտ է: Աղմուկը շատ մեծ էր ոչ միայն Հայաստանի ներսում, այլեւ՝ միջազգայնորեն: Այնպես որ», - բխեցվում է «Իրավունք»-ում, - «այս անգամ եւս հավանաբար իշխանությունները հարկադրված լինեն ետ քաշվել նախօրոք ծրագրվածից, բայց այնուամենայնիվ, «Ա1+»-ի հետ կապված դեպքերը ցույց են տալիս, որ մեր հայրենի կառավարիչները պարզապես անընդունակ են ուրիշների սխալներից դասեր քաղելու եւ չառաջնորդելու «կրկին փորձիր» ոչ խելամիտ սկզբունքով, ինչը նախընտրական տարում կարող է շատ վտանգավոր հետեւանքներ ունենալ ինչպես գործող նախագահի, այնպես էլ նրա ողջ շրջապատի համար»:

«Երկիր» թերթը վիրավորված է, թե ինչու է Միացյալ Նահանգների դեսպանատունը իրեն թույլ տվել քննադատական երանգներ պարունակող հայտարարություն տարածել «Ա1+»-ի առիթով: Իսկ խմբագրականում «Երկիր»-ը ընդգծում է. «Եվրոպական ընտանիքի անդամ դառնալու ցանկություն ունեցող Հայաստանի իշխանությունները պարտավոր են բազմակարծության համար ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները»:

«Շատ ավելի լավ կլիներ, եթե հանձնաժողովը հնարավորություն ընձեռեր կայացած հեռուստաընկերություններին մրցակցել միմյանց հետ, իսկ թղթի վրա գրված սցենարներին ու ծրագրերին՝ միմյանց հետ», - նշել է «Երկիր»-ը: - «Այդ դեպքում համոզված ենք, որ չէր լինի այսօրինակ շահարկումների պատճառ ու առիթ, որ լրատվամիջոցներ փակած, դրանց գրասենյակները ջարդ ու փշուր արած արասահակյանները ու դավիթշահնազարյանները խոսքի ազատության երաշխավորի դերում հանդես գալու հավակնություններ դրսեւորեն եւ փորձեն մեր գործընկերներին իբրեւ խաղաքարտ օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար»:

«Մենակյացը դուրս է գալիս ապարանքից» վերնագրի տակ «Երկիր»-ի մեկնաբանը այսօր վերլուծում է. «Առավել հավանական է թվում, որ ներքին ու արտաքին մի քանի ազդակներ միաժամանակ են պայմանավորել Տեր-Պետրոսյանի բավական համարձակ քայլը, քանզի զգուշավոր ու տեւական հաշվարկներ անելու հակումներ ունեցող այս գործիչը ակտիվանալու համար պետք է որ բավական լուրջ ազդակներ ունենար... Դատելով ամեն ինչից, ՀՀՇ-ն այլեւս մտադիր է իշխանափոխության իրականացման գործի գլուխ կանգնել: Բայց նման գործի գլուխ կանգնելու համար հարկ է, որ ՀՀՇ-ն ինքը գլուխ ունենա»:

«Այս պահին ՀՀՇ-ն եւ Տեր-Պետրոսյանն ավելի շատ աշխատում են ներքին ու արտաքին երաշխիքներն ապահովելու ուղղությամբ: Եվ բավական աշխույժ են աշխատում», - նշված է «Երկիր»-ում: - «Մանավանդ դա վերաբերում է արտաքին ճակատում տարվող աշխատանքներին, որոնք ներառում են նախընտրական գործունեության համար անհրաժեշտ համապատասխան խոշոր դրամագլխի հանգանակումը եւ, որ առավել էական է, դրսի ազդեցիկ ֆինանսական ու քաղաքական միջավայրերում լոբբիստական գործունեությունը»:

«Իրավունք» թերթի բամբասանքի բաժնում էլ այսօր տեղադրված է հետեւյալը. «Ինչպես տեղեկացրեց երկրապահական շրջանակներին մոտ կանգնած քաջատեղյակ աղբյուրը, օրերս խիստ կոնսպիրացիայի պայմաններում հանդիպել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահան Շիրխանյանը, Ալբերտ Բազեյանը եւ «Երկրապահ»-ի այլ ճյուղերի ներկայացուցիչներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Տեր-Պետրոսյանի առաջադրվելուն պես «Երկրապահ»-ի բոլոր ճյուղերը միավորվում են, որպեսզի ապահովեն նախկին նախագահի եւ նրա նախաձեռնած իշխանափոխության ուժային թիկունքը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG