Մատչելիության հղումներ

«Ա1+»-ը խնդրի լուծումը տեսնում է իրավական դաշտում





Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ իր կապուղուց զրկված «Ա1+» հեռուստաընկերության ղեկավարությունը հինգշաբթի օրը հայտարարեց, որ հարցի լուծումը տեսնում է իրավական դաշտում: Ընդդիմադիր 14 կուսակցությունների ներկայացուցիչները, մինչդեռ, հայտարարություն են տարածել ի պաշտպանություն «Ա1+»-ի հրավիրված հանրահավաքի նախօրեին:

«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի, այդ հեռուստաընկերության «Հետգրություն» հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի եւ անցած սեպտեմբերին հեռարձակումից զրկված «Նոյյան տապան» լրատվական գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանի՝ այսօր հրավիրած համատեղ ասուլիսի նպատակը քաղաքական գնահատականներ տալը չէր, թեեւ այդպիսիք էլ հնչեցին:

«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ հենց նախագահն է փակել «Ա1+»-ը», - ասաց Արամ Աբրահամյանը:

Հիմնական ասելիքն այն էր, որ պետք է տարանջատել քաղաքական եւ իրավական հարցերը, եւ որ իրենք խնդրի լուծումը տեսնում են իրավական դաշտում:

«Հիմնական մեր խնդիրն է՝ չքաղաքակացնել այն առումով, որ շահարկման խնդիր չդառնա սա, որ ինչ-ինչ ուժեր չաշխատեցնեն կոնկրետ իրենց օգտին», - ասաց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը:

«Մեր պայքարը, բնականաբար, պետք է լինի նախ եւ առաջ իրավական: Այսինքն՝ փորձենք դատարանով վիճարկել, դիմել միայն իրավական մեթոդների», - ավելացրեց Արամ Աբրահամյանը: Տիգրան Հարությունյանի խոսքերով նույնպես, իրավական դաշտի հնարավորությունները դեռեւս սպառված չեն:

Արդեն հայտնի է, որ ապրիլի 16-ին տնտեսական դատարանը լսելու է «Ա1+»-ի հայցը Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ: Հեռուստաընկերության տնօրենի հավաստմամբ, մերժվելու դեպքում պայքարը շարունակելու են՝ ընդհուպ մինչեւ միջազգային ատյաններին դիմելը:

Հարցը չքաղաքականացնելու մասին ապրիլի 2-ին՝ Միջին Ասիա մեկնելուց առաջ խոսեց նաեւ նախագահ Քոչարյանը, ասելով, որ այն ինչ-ինչ ուժերի կողմից շահարկվում է, քաղաքականացվում, մինչդեռ հարցը իրավական է:

«Ա1+»-ի տնօրենը ասաց, որ կոնկրետ առաջարկներ ընկերությունը չի ստացել: «Առաջարկներ կոնկրետ չեն եղել: Խոսակցություններ շատ կան՝ իշխանավորների կողմից, ղեկավարների կողմից, բիզնեսի աշխարհից: Առաջարկները հետեւյալն են. ամեն ինչ լավ կլինի, դուք միայն հանգստացեք: Իսկ մենք պատասխանում ենք՝ մենք հանգիստ ենք, դուք հանգստացեք»:

Արամ Աբրահամյանի խոսքերով, լրագրողների պայքարը չի կարող քաղաքական լինել: «Մենք միտինգներում ելույթ չենք կարող ունենալ: Մենք չենք կարող բարձրանալ բարիկադներ: Այո, դա դեպի բռնապետություն տանող ճանապարհի հերթական քայլն է. այս քաղաքական գնահատականը մենք կարող ենք տալ: Բայց մասնակցել կուսակցական խաղերին մենք, բնականաբար, չենք կարող», - ասաց նա, ավելացնելով, որ վաղվա հանրահավաքին մասնակցելու են լրագրողի կարգավիճակով:

Վաղվա հանրահավաքի նախաձեռնողները (14 ընդդիմադիր կուսակցություններ), սակայն, այդպես չեն կարծում:

«Մենք չենք համարում, որ սա «Ա1+»-ի հարցն է: Սա խոսքի, խղճի ազատության հարց է, քաղաքացիական իրավունքների հարց է, ինչը, իհարկե, քաղաքական ուժերի խնդիրն է», - ասաց հանրահավաքի նախաձեռնողներից ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը:

Նախաձեռնողները այսօր տարածել են հանրահավաքի բանաձեւը, որում մասնավորապես ասվում է. «Բազմակարծությունն ու այլընտրանքային մոտեցումները իր եթերային քաղաքականության առանցք դարձրած «Ա1+»-ի փակումը գնահատում ենք որպես Հայաստանի քաղաքացիների՝ անաչառ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի սահմանափակում, երկրում ավտորիտար ռեժիմ ստեղծելու ձգտում»:

Հանրահավաքում պահանջվելու է վերանայել օրենքի բազմաթիվ խախտումներով կայացած մրցույթները, շրջանառությունից հանել «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի նախագիծը, դադարեցնել ճնշումները ազատ մամուլի եւ նրա ներկայացուցիչների դեմ:

Խորհրդարանական մեծամասնության՝ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կուսակցությունը՝ ՀՀԿ-ն (Հայաստանի հանրապետական կուսակցություն) հանրահավաքին, բնականաբար, չի միանում: Նրա կանխատեսմամբ, «Ա1+»-ի խմբագրակազմը արդյունքի կհասնի: Սահակյանը խուսափեց պայքարի քաղաքական կողմին վերաբերող կանխատեսումներից:

Հանրահավաքին չի միանում նաեւ նախագահ Քոչարյանին սատարող Դաշնակցությունը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը ափսոսանք հայտնեց «Ա1+»-ի եթերից դուրս մնալու առիթով, ապա՝ հույս, որ դեռ որեւէ այլ հաճախականության համար մրցույթում հեռուստաընկերությունը կհաղթի:

«Եթե ինքս լինեի հանձնաժողովի անդամ, կողմ կքվեարկեի, որպեսզի «Ա1+»-ը շարունակվեր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աղվան Վարդանյանը: - «Քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի մի շերտ կա, որը թույլ տվեց իրեն ի հաշիվ ազատ մամուլի, ի հաշիվ խոսքի ազատության, անպարկեշտ քաղաքական պատվերների մի հսկայական շարք, որը բոլորովին ազատ մամուլին չի վերաբերում»:

Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհուրդը այսօր քվեարկությամբ որոշում է ընդունել «Ա1+» հեռուստաընկերությանը առաջարկել է «Այբ Ֆե» լրատվական ծրագիրը մեկ ամսվա ընթացքում օրական մեկ անգամ հեռարձակել Հանրային հեռուստատեսությամբ: Մինչեւ այժմ, սակայն, հայտնի չէ, թե ինչ է պատասխանել «Ա1+»-ի ղեկավարությունը:


Հրաչ Մելքումյան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG