Մատչելիության հղումներ

Ընդլայնվում են փոխլրացման քաղաքականության շրջանակները





Ազգային ժողովում այսօր կառավարության ներկայացուցիչներն ու պատգամավորները փակ լսումների ընթացքում քննարկեցին տարածաշրջանային զարգացումները եւ դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վրա:

Լսումներից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասաց, թե որդեգրված փոխլրացման քաղաքականությունը հնարավորություն է տալիս «բոլոր կողմերի հետ աշխատել, որպեսզի ցանկացած հնարավոր զարգացման դեպքում նվազագույնի հասցնել այն բացասական հետեւանքները, որ կարող են ունենալ Հայաստանի համար»:

Իսկ փոխլրացման այդ քաղաքականությունը կարտահայտվի կոնկրետ ուղղություներով. ռազմավարական գործընկերություն Ռուսաստանի հետ՝ երկկողմ եւ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում, համագործակցություն եվրոպական կառույցների հետ՝ հիմքում ունենալով նաեւ անվտանգության խնդիրներ, եւ համագործակցություն Միացյալ Նահանգների հետ, որպեսզի, ինչպես ասաց Օսկանյանը, «կարողանանք ապահովել մեր տարածաշրջանում Հայաստանի համար անհրաժեշտ անվտանգությունը»:

«Կոմպլեմենտարության հիմքում տվյալ դեպքում ոչ թե հավասար հարաբերություների սկզբունքն է դրված», - ասաց Վարդան Օսկանյանը, - «այլ փոխլրացման մոտեցումը, եւ այն, ինչը բաց է թողնված Ռուսաստանի հետ ստրատեգիական հարաբերություներում, դրա հնարավորությունը բացվում է այլ երկների հետ»:

Ու քանի որ ԱՄՆ-ի կողմից կա այդպիսի համագործակցություն սկսելու կամեցողություն, ապա Հայաստանը որդեգրում է տարածաշրջանային զարգացումներից ամբողջությամբ չկտրվելու քաղաքականություն: Իսկ մեր մանեւրների հիմքում մեր արտաքին քաղաքականությունը, ըստ արտգործնախարարի, նկատի է առնելու մի շարք գործոններ:

Դրանք են. սեպտեմբերի 11-ից հետո Աֆղանստանում սկսված հակաահաբեկչական պատերազմով պայմանավորված հարավկովկասյան տարածաշրջանում առաջացած անորոշությունները, լրացուցիչ լարվածությունը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, «Ազատության աջակցման ակտ»-ի 907 բանաձեւի ժամանակավոր կասեցումը, եւ ամերիկյան ներկայությունը Վրաստանում ու Կենտրոնական Ասիայի երկրներում:

Ըստ այդմ էլ՝ պետք է ակտիվացնել շփումները նաեւ Վրաստանի հետ, որովհետեւ Վրաստանի կայունությունը մեզ համար կարեւոր է, եւ Հայաստանը կփորձի հնարավորինս նպաստել դրան:

Հայաստանը, նախարարի խոսքերով, պետք է բաց լինի Թուրքիայի հետ երկխոսության համար եւ փորձի «տեղաշարժ արձանագրել մեր հարաբերություններում»:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան զարգացումներին,ապա Վարդան Օսկանյանի մատուցմամբ, Հայաստանի դիրքորոշումը այս հարցում որեւէ փոփոխություն չի կրել: Նախարարի խոսքերով, մայիսի վերջին, հունիսին մեզ համար ավելի ստույգ կլինի, թե ղարաբաղյան գործընթացները ինչպիսի զարգացումներ են ունենալու:

«Միացյալ Նահանգները շատ լավ գիտակցում են, որ այսօր տարածաշրջանում կայունությունը ապահովվում է մի քանի գործոնների շնորհիվ, եւ առաջին հերթին՝ հավասարակշռության շնորհիվ», - ավելացրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե Թուրքիայի դերի բարձրացմամբ Ադրբեջանը կարող է կոշտացնել դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, Սերժ Սարգսյանը ասաց. - «Միացյալ Նահանգները եւ Թուրքիան նույն դաշինքի անդամ են. երկուսն էլ ՆԱՏՈ-ի անդամ են: Այսօր Միացյալ Նահանգների ամենավստահելի գործընկերը տարածաշրջանում Թուրքիան է: Դա անշուշտ մեզ համար ցանկալի չէ: Ցանկալի չէ Թուրքիայի ներթափանցումը Վրաստան: Եթե մեզ չհաջողվի երկխոսության գնալ Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, հարաբերություններ, որ վայել են հարեւաններին, ապա մեզ համար դա կարող է լինել ոչ ցանկալի»:

Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը, եւ առաջին հերթին Միացյալ Նահանգները թույլ չեն տա բաժանարար գծերի առաջացումը մեր տարածաշրջանում:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG