Մատչելիության հղումներ

logo-print



Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ղըրղզստանի նախագահ Ասկար Ակաեւը այսօր Բիշքեքում ստորագրել են երկու երկրների միջեւ բարեկամության, խաղաղության եւ համագործակցության պայմանագիր:

Ինչպես հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը, առավոտյան Բիշքեքում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ղրղզստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ասկար Ակաեւի առանձնազրույցը, որին հաջորդել են հայ-ղրղզական բանակցություններն ընդլայնված կազմով եւ փաստաթղթերի ստորագրումը:

«Պայմանագիրը մեր երկրներին կառաջնորդի դեպի նոր մակարդակ մեր հարաբերությունների բոլոր ոլորտներում», - փաստաթղթի ստորագրումից հետո ասել է Ղըրղզստանի նախագահը:

Ըստ Ղըրզստանից ստացված պաշտոնական տեղեկատվության, երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել են համաձայնագրեր ռազմատեխնիկական, օդային կապերի հաստատման, ինչպես նաեւ փոխօգնության եւ համագործակցության վերաբերյալ:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Ղըրղզստանի Ժոգորկու Կենեշի (խորհրդարան) ժողովրդական ներկայացուցիչների ժողովի նախագահ Ա. Բորուբաեւի եւ խորհրդարանի օրենսդրական ժողովի նախագահ Ա. Էրկեբաեւի հետ:

Հանրապետության Նախագահը հանդիպել է նաեւ Ղըրղզստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ըստ Ղազախստանում եւ Ղըրղզստանում Հայաստանի դեսպանության տվյալների, Ղըրղզստանում ապրում է մոտ 4 հազար հայ:

Հայաստանի եւ Ղըրղզստանի միջեւ միջկառավարական առեւտրատնտեսական շրջանառությունը ներկայումս կազմում է տարեկան 240 հազար դոլար:

ԱՊՀ երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանում վիճակն ավելի բարվոք է, քան Ղրղզստանում. տնտեսությունն այստեղ անցած տարի անկում է ապրել 6,7 տոկոսով, մինչդեռ Հայաստանում աճել է 9,6 տոկոսով: Հայաստանի արտաքին պարտքը կազմում է մոտ 900 մլն դոլար, Ղըրղզստանինը՝ 1,5 միլիարդ:


Կարինե Քալանթարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG