Մատչելիության հղումներ

Հանձնաժողովի հրահանգով դադարեցվում է «Ա1+»-ի հեռարձակումը





Երեկ կեսգիշերին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հրահանգով դադարեցվել է «Ա1+» հայաստանյան անկախ հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակումը: Հանձնաժողովը երեկ որոշում էր ընդունել «Ա1+»-ի կապուղու արտոնագիրը տրամադրել այլ ընկերության: Դադարեցվել է նաեւ «Ա1+»-ի ծրագրերի հեռարձակումը հայ-ամերիկյան «Էյ-Էյ-Թի-Վի» կաբելային ցանցով:

Եթե այսօր տնտեսական դատարանը բավարարեր «Ա1+»-ի միջնորդությունը՝ չկասեցնել հեռարձակումը մինչեւ նույն դատարանի վճիռը՝ իրենց առաջին հայցով (վերջինս վերաբերում է Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելուն, քանի որ մրցույթն, ըստ հայցվորի, անցկացվել է բազմաթիվ խախտումներով), ապա «Ա1+»-ը կհեռարձակվեր իր նախկին՝ 37-րդ դեցիմետրային կապուղով: Դատական նիստը, սական տեղի չի ունեցել: Միջնորդությունը քննության առնելու վերջին ժամկետը հինգշաբթի կեսօրն է:

«Մենք շարունակում ենք աշխատանքը», - ասաց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը: - «Մենք որպես արտադրող աշխատում ենք: Փառք Աստծո, դրա արտոնագրից զրկված չենք, որովհետեւ դրա համար արտոնագիր չկա»:

Հեռուստաընկերության լրատվական գործակալության՝ «Այբ Ֆե»-ի տնօրեն Անժելա Շեկունցի խոսքերով, հրատապ թեմաների լուսաբանումը շարունակվելու է: Նյութերը տեղադրվելու են հեռուստաընկերության ինտերնետային էջում (www.a1plus.am): «Համասփյուռ» ցանցով «Ա1+»-ի հաղորդումները հեռարձակելու են երկու տասնյակից ավելի մարզային հեռուստաընկերությունները:

«Մենք շարունակելու ենք հետեւողական լինել եւ շարունակելու ենք լուսաբանել «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը», - ասաց «Ա1+»-ի լրագրողներից Դիանա Մարկոսյանը:

«Ա1+»-ը մինչեւ երեկ վերահեռարձակվում էր նաեւ հայ-ամերիկյան «Էյ-Էյ-Թի-Վի» կաբելային հեռուստաընկերության կողմից: «էյ-Էյ-Թի-Վի»-ն, սակայն, երեկ նույնպես դադարեցրել է հեռարձակումը, թեեւ, ըստ Արժելա Շեկունցի, դրա իրավունքը չուներ:

«Հանձնաժողովի որոշումը չի տարածվում կաբելային հեռուստաընկերությունների եւ ցանցերի վրա», - փաստարկեց Շեկունցը: Իսկ Մեսրոպ Մովսիսյանն ասաց, որ ըստ պայմանագրի «Էյ-Էյ-Թի-Վի»-ն պիտի հեռարձակեր իրենց հաղորդումները մինչեւ տարեվերջ՝ հեռարձակման դադարեցումը պայմանավորելով իշխանությունների ճնշմամբ:

«Էյ-Էյ-Թի-Վի»-ի մենեջեր Հասմիկ Դաբաղյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «Ա1+»-ի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել է 2001 թվականի դեկտեմբերին:

Իսկ Ազգային ժողովում այսօր ձախողվեց պատգամավորներ Հրանտ Խաչատրյանի, Հայկ Բաբուխանյանի եւ Շավարշ Քոչարյանի նախաձեռնությունը՝ էլեկտրոնային քվեարկությամբ այսօր երեկոյան արտահերթ նիստ հրավիրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն մտցնելու օրակարգով: «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը օգտվեց քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրելու իրավունքից: Եվ քանի որ նիստն արդեն ավարտվում էր, ապա մինչեւ հաջորդ եռօրյա արտահերթ նիստ հրավիրել հնարավոր է միայն առնվազն 44 պատգամավորի ստորագրություն հավաքելու դեպքում:

Իսկ առաջարկվում էր հետեւյալ փոփոխությունը. - «Արտոնագրի համար մրցույթի անցկացումը կամ արդյունքները դատարանում բողոքարկվելու դեպքում, մինչեւ դատարանի համապատասխան որոշման օրինական ուժի մեջ մտնելը, մրցույթի արդյունքների վերաբերյալ Ազգային հանձնաժողովի որոշումը կամ որոշումները կասեցվում են»: Այսինքն՝ ընդունվելու դեպքում, մինչեւ դատավճիռ «Ա1+»-ը հնարավորություն կստանար օգտվել թիվ 37 կապուղուց:


Էմիլ Դանիելյան, Անուշ Դաշտենց եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG