Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը մտահոգված է «Ա1+»-ի փակման կապակցությամբ


Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները մտահոգություն է արտահայտել հայաստանյան «Ա1+» հեռուստաընկերության փակման առիթով, նշելով որ դրանով վտանգվում է մամուլի ազատությունը Հայաստանում: Հայտարարությունը, որը տարածել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը, նաեւ ակնարկում է, թե «Ա1+»-ի հեռարձակումը վերականգնելու ձախողումը հարցականի տակ կդնի հաջորդ տարի կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ազատությունն ու արդարությունը:

«Ապրիլի 2-ին կայացրած վճիռը՝ մինչեւ օրս «Ա1+» հեռուստաընկերության կողմից տնօրինվող 37-րդ դեցիմետրային կապուղին «Շարմ» ընկերությանը տրամադրելու մասին առաջ է բերում լուրջ հարցադրումներ Հայաստանում ազատ եւ անկախ մամուլի ապագայի մասին», - ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Դեսպանատունը հույս է հայտնում, որ Ռոբերտ Քոչարյանը կօգնի հեռուստաընկերությանը վերսկսել իր գործունեությունը: ««Ա1+» հեռուստաընկերությունը իրականացնում էր բարձրարժեք հասարակական ծառայությունը՝ զգալի եթերային հնարավորություն տրամադրելով կարծիք ձեւավորողների, քաղաքական առաջնորդների եւ տարակարծություն արտահայտողների լայն շրջանակի», - նշված է հայտարարության մեջ: - «Այս առումով մենք ողջունում ենք նախագահ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը կցանկանար տեսնել «Ա1+»-ը եթերում եւ որ ցանկություն ունի ուսումնասիրել այն իրականացնելու հնարավոր տարբերակները»:

Միջին Ասիա մեկնելուց առաջ նախագահ Քոչարյանը խոստացավ վերադառնալուց հետո հանդիպել «Ա1+»-ի աշխատակազմի հետ եւ «միասին քննարկել, թե հետագայում ինչ կարելի է անել»:

Հայտարարությունը, կարծես, կապ է տեսնում հեռուստաընկերության հեռարձակումը վերականգնելու եւ 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների՝ ազատ ու արդար անցկացման միջեւ:

«Ազատ ու արդար ընտրությունների կայացման համար հիմնական չափանիշներից մեկն է, թե որքանով կուսակցությունները եւ թեկնածուները հնարավորություն ունեն արդյունավետ կերպով իրենց տեսակետները ներկայացնել ընտրողներին, մասնավորապես հեռուստատեսության միջոցով»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG