Մատչելիության հղումներ

logo-print

«ԱրմենՏել»-ը իջեցնում է որոշ ծառայությունների գները


Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի եւ Հայաստանում հեռախոսակապի մենատեր «ԱրմենՏել» ընկերության գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասի համատեղ ասուլիսում չորեքշաբթի օր հայտարարվեց մի շարք ծառայությունների սակագների իջեցման մասին:

Կիսով չափ իջեցվել են միջազգային հեռախոսակապի գները, նոր հեռախոսների տեղադրման համար մուծվող վճարները: Այսուհետեւ, ասենք, Միացյալ Նահանգներ, Կանադա եւ եվրոպական երկրներ հեռախոսազանգի մեկ րոպեի վճարը 1,92 դոլարի փոխարեն կկազմի 0,99 դոլար:

Կէժանանա, ճիշտ է՝ աննշան, բջջային հեռախոսակապը: Հուլիսի 1-ից ներկայիս 18 ցենտի փոխարեն այն կկազմի 15 ցենտ յուրաքանչյուր րոպեի համար:

«ԱրմենՏել»-ը ծրագրում է իջեցնել նաեւ քարտային հեռախոսակապի գինը, սակայն համարելով, որ այս ծառայությունից օգտվելու են առավելապես զբոսաշրջիկները, գների իջեցումը էական չի լինի:

Անդրադառնալով տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմանը, որով անթույլատրելի է համարվել քարտի հետ միասին հեռախոսասարքի պարտադիր վաճառքը, «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրենը ասաց, թե այդ ոլորտում իրենք որոշակի ազատականացման են գնալու, եւ հայաստանյան որոշ դիստրիբյուտորական կազմակերպությունների հեռախոսասարքեր իրացնելու հնարավորություն են տալու:

Նիկոս Գեորգուլասն ասաց նաեւ, որ մենաշնորհը «մինչեւ վերջ օգտակար դարձնելու» նպատակով իրենք այնքան են իջեցնելու հեռախոսակապի գները, որ որեւէ այլ ընկերություն չմտածի հայաստանյան շուկա մտնելու մասին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG