Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ա1+» ընկերությունը եթերից հանելու առնչությամբ մի շարք հայտարարություններ են այսօր հրապարակված մամուլում: «Մենք համարում ենք, որ ապրիլի 2-ի որոշումը քաղաքականացնում է հարցը ու կարող է անցանկալի լրատվամիջոցներին լռեցնելու կամ սաստելու նախադեպ դառնալ, եւ պնդում ենք, որ խնդիրը դիտարկվի մասնագիտական տեսանկյունից», - նշում են մասնավորապես Երեւանի մամուլի ակումբն ու «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը, «Իրավունք» շաբաթաթերթը ընդգծում են. - «Մեծ հարված է հասցվել Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումներին, այդ թվում՝ խոսքի ազատությանը։ Հանձնաժողովի բոլոր որոշումներն ընդունվել են գործող օրենսդրության կոպիտ խախտումներով անցկացված մրցույթի արդյունքում, ուստի դրանք չեն կարող օրինական ուժ ունենալ»։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտադրում է. - «Իրավական, ինքնավստահ, ժողովրդիշխան պետությունում այս օրն ու իրավիճակը պիտի հնարավոր լինեին միայն տեսությունների դաշտում: Իսկ մեզ մոտ՝ մեր հայրենիքում, ցավոք իրագործելի են օր-ցերեկով»:

Բերված է եւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ջոն Բալյանի արձագանքը. - «Ցանկացած ժողովրդավարական պետությունում պետք է տեղ գտնի պլյուրալիզմն ու բազմակարծությունը»:

«Առավոտ» թերթը իր կողմից պարզ ձեւակերպել է. «Ռոբերտ Քոչարյանը փակեց «Ա1+»-ը... Ինչ վերաբերում է այս հանձնաժողովի անդամներին, ապա նրանք ընտրված են այնպես, որ առանց իրենց խղճի առաջ մեղանչելու՝ հավատարմորեն ծառայեն իշխանություններին։ Եվ ծառայեցին։ Այնպես որ, եկեք շատ չմեղադրենք այս առանց այդ էլ անազատ մարդկանց», - երեւութավորել է «Առավոտ»-ի խմբագրականը։ - «Իսկ մեզանի՞ց քանիսը կարող է հրաժարվել սպասվող եկամուտներից՝ հանուն ինչ-որ գաղափարների՜, խոսքի ազատությա՜ն։ Թերեւս՝ քչերը։ Մեծամասնությունն ուզում է գրավել իր տեղն արեւի տակ։ Ցանկացած ճանապարհով»։ Այնպես որ՝ նախագահական ընտրություններ կոչվող մրցույթի արդյունքներ էլ նույն տրամաբանության մեջ կեղծվելու են:

«Հայկական ժամանակ» թերթի ձեւակերպմամբ, «Հայաստանը հերթական քայլը կատարեց բռնապետություն դառնալու ճանապարհին, եւ հերթական պատվերը կատարող իշխանական ներքինիները իրար հերթ չեն տալիս»:

«Հայաստանի քաղաքական էլիտան սկսում է ապրել կանոններով, երբ ամեն ինչ, բառացիորեն ամեն ինչ վաճառվում է եւ գնվում: Սա մի վիճակ է, երբ խորհրդարանը, զանազան հանձնաժողովները, իրավապահ մարմինները ոչ թե կարեւոր ֆունկցիա ունեցող պետական օղակ են, այլ մի տոնավաճառ, որտեղ հնարավոր է գնել եւ վաճառել պատգամավորների ու քաղաքական ուժերի, դատախազների ու քննիչների, անդամների ու թեկնածուների: Բնականաբար, այս զանգվածը չպետք է հանդուրժի չվաճառվող որեւէ բան», - իմաստավորել է «Հայկական ժամանակ»-ը:

Վերջինիս մեկնաբանն էլ ընդհանրացնում է. «Մեկ հեռուստաընկերության խնդիր չէ, որ լուծվում է, այլ ողջ ընդդիմադիր դաշտին եւ ընդհանրապես հայ հասարակությանը՝ սեփական անկարողությունը մատնացույց անելով այլեւս խմբակային «փչացնելու» եւ նվաստացնելու հարցը»: Իշխանությունները հաշվարկել են ու վստահ են, որ քաղաքական ուժերն ու հասարակությունը ընդհանրապես իրենց մեջ համարձակություն չեն գտնի գործնական որեւէ էական քայլ կատարել, մինչեւ վերջ պայքարել իրենց նախընտրած հեռուստատեսությունը դիտելու իրավունքի համար՝ մեկ-երկու օր կգոռգոռան ու կցրվեն՝ ընդունելով սեփական անզորությունը:

Դեռ ամեն ինչ վերջացած չէ, իրականում «Ա1+»-ը «ոչ միայն նոր հայտ կարող է ներկայացնել այլ հաճախականություն զբաղեցնելու համար, այլեւ կայացված որոշումը կարող է վիճարկել դատական կարգով», - փորձում է որոշակի հանգստություն ներարկել «Ազգ» թերթի մեկնաբանը՝ միաժամանակ շեշտադրելով. - «ՀՀՇ-ածին տարրերը ծայրահեղ քաղաքականացնելով խնդիրը, իսկական արջի ծառայություն մատուցեցին «Ա1+»-ին։ Այս հեռուստաընկերությունն ակամա ընկել է քաղաքական հաշվարկների ծուղակը»։

«Հայոց Աշխարհ» թերթում եւս հատուկ ուշադրություն է սեւեռվում, որ պաշտպան-առաջամարտիկների դերում ասպարեզ է նետվում նախկին իշխանության գլուխ եղած մի համույթ, որն իր օրոք ժողովրդավարական ձեւակերպումների հետեւից չէր ընկնում, պարզապես «մտնում, եղած-չեղածը ջարդում-փշրում էին, փակում-գնում, եւ վերջ»:

Անդրադառնալով ակտիվ քաղաքականություն վերադառնալու Լեւոն Տեր-Պետրոսյանի մտադրության վերաբերյալ լուրերին, Ազգային ժողովի պատգամավոր, փիլիսոփայության դոկտոր Հենրիկ Գրիգորյանը «Հայոց Աշխարհ»-ում այսօր ասում է. - «Այո, Տեր-Պետրոսյանը կիրթ մարդ է: Բայց կրթվածությունը եւ իմաստնությունը այս աշխարհում միշտ էլ տարբեր հասկացություններ են եղել եւ հազվադեպ են համատեղվում նույն անձի մեջ... Իր կառավարումն այս երկրում ակնհայտորեն անհաջող էր, եթե ավելին չասենք: Իմ կարծիքով, ներկայումս գործող նախագահի հետ մրցակցության դեպքում նա կպարտվի»:

Գրիգորյանի ընդգծմամբ, այսօրվա բացասականի պատճառ էլ առաջին հերթին նախկիններն են, իսկ ընդհանուր առմամբ՝ «Հայաստանում տիրում է այն մտածողությունը, թե պետությունը բաժնետիրական ընկերություն է: Եվ մարդիկ մեծ մասամբ ձգտում են այդ ընկերության գլուխ կանգնել կա'մ հավակնոտ բնավորության, կա'մ ուղղակի հարստանալու ձգտումից ելնելով, կա'մ իմաստնության պակասի պատճառով»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի ճակատին էլ այսօր բանաձեւված է այսպես. - «Անցման շրջանին հատուկ տնտեսական դժվարությունները հաճախ խանգարում են լիարժեք ըմբռնել երկրի, պետության ու ժողովրդի հիշատակության արժանի գործերը, որ մնայուն են՝ ի տարբերություն անցողիկ անկատարությունների: Ժամանակավոր անհաջողությունները միշտ էլ գերադասելի են ժամանակավոր հաջողություններից»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG