Մատչելիության հղումներ

logo-print



Հայաստանի հիմնական անկախ հեռուստաընկերությունը՝ «Ա1+»-ը, փակման շեմին է հայտնվել այն բանից հետո, երբ այսօր զրկվեց հեռարձակման արտոնագրից: Որոշումը դիտվում է որպես քաղաքականապես պատճառաբանված եւ առաջացրել է հասարակության լայն խավերի վրդովմունքը:

Նախագահ Քոչարյանի կողմից նշանակված Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը իր այսօրվա որոշմամբ 37-րդ դեցիմետրային ալիքը (որով հեռարձակվում էր «Ա1+»-ը) տրամադրեց «Շարմ» ընկերությանը:

Այսպիսով արդարացան այն կանխատեսումները, որ ընդդիմությանը առավել հաճախ եթեր տրամադրող հեռուստաընկերությունը նախընտրական շրջանում կզրկվի եթերից:

«Ա1+»-ը չլինելը [եթերում] արդեն փաստ է», - մրցույթի արդյունքները ներկայացնելուց հետո ասաց նախկինում նախագահի աշխատակազմի աշխատակից, ներկայումս Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:

Մրցույթն անցկացվում էր բուռն քննարկումների արդյունքում անցած տարի ուժի մեջ մտած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքին համապատասխան:

«Ա1+»-ի աշխատակազմը, որին սատարում են նաեւ բազմաթիվ հայաստանյան լրագրողներ ու քաղաքական գործիչներ, դատապարտել է հանձնաժողովի որոշումը՝ որպես քաղաքական նպատակներ հետապնդող: Նրանք պնդում են, որ հանձնաժողովը գործել է Ռոբերտ Քոչարյանի ցուցումով:

9 անդամից բաղկացած հանձնաժողովը կտրականապես հերքում է մեղադրանքները: Այսօր առավոտյան՝ մինչեւ հանձնաժողովի որոշման հրապարակումը, նախագահ Քոչարյանը կրկին հերքեց իր միջամտությունը մրցույթին: Այդուհանդերձ, նա, կարծես թե, արդեն գիտեր, թե ինչպես է ավարտվելու մրցույթը:

Տաջիկստան եւ Ղըրղզստան պաշտոնական այցով մեկնելուց առաջ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով «Ա1+»-ին վերաբերող հարցերին, նշեց, որ հանձնաժողովը չի կարող փակել հեռուստաընկերությունը, այդպիսի իրավունք չունի: Պարզապես մրցույթ է անցկացվելու:

«Ես պատրաստ եմ հանդիպել «Ա1+»-ի աշխատակազմի հետ եւ միասին քննարկել, թե հետագայում ինչ կարելի է անել», - ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Ա1+»-ի փակումը ցավ կպատճառի ինձ»:

«Ես ուրախ եմ, որ նրան ցավ ենք պատճառել», - հեգնանքով ասաց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը, ավելացնելով, որ հանձնաժողովի անօրինական որոշումը բողոքարկելու է դատական կարգով, քանի որ, իր կարծիքով, մրցույթն անցկացվել է բազմաթիվ օրինախախտումներով:

Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, հեռուստաընկերության գործունեության ընթացքում որեւէ ճնշում չի եղել եւ անհասկանալի է, թե հիմա ինչու պետք է դիմեին ճնշումների: «Ա1+»-ին եթերից զրկելու սպառնալիքը նա չկապեց նաեւ նախընտրական շրջանի հետ:

Նախագահը շեշտեց, թե նախկին իշխանությունների ներկայացուցիչները մրցույթի շուրջ աղմուկ են բարձրացնում, շահարկում են իրավիճակը:

«Մեկ բան կցանկանայի, որ «Ա1+»-ի ստեղծագործական կոլեկտիվը գործիք չդառնա այն ուժերի ձեռքին, որոնք առնվազն վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում շատ հետեւողականորեն փորձում են ապակայունացնել իրավիճակը Հայաստանում», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 9 անդամներից նիստին ներկա էին 8-ը: Քվեարկության 7 կողմ եւ 1 ձեռնպահ արդյունքով հանձնաժողովը 37-րդ դեցիմետրային հաճախականությունը տրամադրեց «Շարմ» ընկերությանը, չնայած Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունների աննախադեպ աջակցությանը «Ա1+»-ին: Երեկ երեկոյան «Ա1+»-ի եթերում հայաստանյան գրեթե ողջ քաղաքական դաշտը ներկայացնող մի քանի տասնյակ գործիչներ իրենց միանշանական աջակցությունը հավաստեցին հեռուստաընկերությանը:

Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը կրկին պնդեց, թե նախագահի կողմից հանձնաժողովի վրա ճնշում չի եղել:

Նիստի ավարտից հետո մոտ 250-300 մարդ շարժվեց դեպի Ազգային Ժողով, որի դարպասների մոտ կեսժամանոց բողոքի ցույցով խորհրդարանից պահանջում էին չեղյալ համարել հանձնաժողովի որոշումը: Այնուհետեւ ցուցարարները գնացին Ազատության հրապարակ, ուր հայտարարվեց, թե ամեն օր հավաքվելու են՝ արտահայտելու իրենց բողոքը:

Հայաստանում տասնյակ մասնավոր հեռուստաընկերություններ են գործում: Դրանց մեծամասնությունը, սակայն, խուսափում է հանդես գալ նախագահ Քոչարյանի խիստ քննադատությամբ: «Ա1+»-ի «Այբ Ֆե» լրատվական ծրագիրը դիտվում է որպես Հայաստանում ամենաանաչառ եւ անկողմնակալ տեղեկատվական ծրագիրը:


Էմիլ Դանիելյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG