Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն» թերթի խմբագրի տեսանկյունից, «ջղագարությունը երեկվա «Ա1+»-ի գոնե երեկոյան եթերում անպակաս էր: Այնքան, որ «Այբ Ֆե»-ի մասին արտահայտված տասնյակ քաղաքացիների կարծիքը միմիայն դրական էր»:

«Այն, ինչի համար հասարակությունը պետք է որ պայքարեր հանուն «Ա1+»-ի, երեկ հողմացրիվ եղավ», - գրում է թերթի խմբագիրը, նաեւ նշելով. «Այս աղմուկը, եթե տեղին է, պետք է օրենքի նախագծի քննարկումների ընթացքում բարձրացվեր»:

Հեռուստադառիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում կրկին ընդգծել է. «Չկա մեկին փակելու կամ բացելու խնդիր: Կա պարզ պրոցեդուրա. անցկացվում է մրցույթ, որը նախատեսված է օրենքով... Հանձնաժողովն այս պահին գործում է շատ տհաճ մթնոլորտում, երբ ուղղակիորեն պարտադրվում է հարցին քաղաքական լուծում տալ», - բնորոշել է Ամալյանը, ինչին «Հայկական ժամանակ»-ը կցում է՝ եթե «հանձնաժողովն, այնուամենայնիվ, վեր կանգնի քաղաքական պատվերից... մրցույթում պետք է հաղթի «Ա1+»-ը»:

Մթնոլորտի հետ կապված՝ հանձնաժողովի այլ անդամների դժգոհությունն է փոխանցում նաեւ «Առավոտ» թերթը, սակայն, ավելացնելով. «Քարոզչական ճնշումների դեմ բողոքներն ընդամենը պատրվակ են՝ փորձելու արդարացնել այսօր կայանալիք քվեարկությունը, որ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը կատարելու է ոչ հեռուստաէկրանից, այլ առանձնասենյակներից հնչած թելադրանքով»։

«91-ից ի վեր, երբ ՀՀՇ քաղաքական վերնախավը առանց իսկ աչքը թարթելու, իրար հետեւից բազմաթիվ լրատվամիջոցներ էր փակում... ժամանակի ընդդիմությունն ու հասարակությունը իրենց թույլ չտվեցին ՀՀՇ իշխանության հետ խոսելու այն լեզվով, որին իսկապես արժանի էին», - համադրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Այս առումով նախկինները հիշելու բան չունեն՝ փակել են լրատվամիջոցներ եւ դրան չի հետեւել եւ ոչ մի վտանգավոր անդրադարձ: Այսինքն՝ «դառը փորձ» ասվածը նրանց համար անըմբռնելի է»:

«Իրավունք» թերթը ի մի է բերում, որ այսօր երկու իրադարձությամբ վճռվելու է. արդյո՞ք Հայաստանում այլընտրանքները գոյության իրավունք ունեն: «Խորհրդարանը քվեարկությամբ որոշելու է. արդյո՞ք ժողովուրդը հնարավորություն կունենա ընտրություն կատարել սահմանադրական բարեփոխումների երկու տարբերակների միջեւ: Իսկ հանձնաժողովը որոշում է կայացնելու, արդյո՞ք հայ հեռուստադիտողն ունենալու է այլընտրանքային հեռուստաեթեր»: Եվ երկու դեպքում էլ ամեն ինչ պայմանավորված է նախագահի կամքով, - շեշտված է «Իրավունք»-ում:

«Նախընտրական շուկայում վաճառվում են... սահմանադրական բարեփոխումներ, իսկ հանրաքվեի ժամկետները ավելի ու ավելի անորոշ են դառնում». այս վերնագրի տակ «Ազգ» թերթի մեկնաբանը առանձնացրել է. «Սահմանադրության առկա երկու նախագծերն էլ խորհրդարանի դատին են ներկայացվել առանց հանրաքվեի կոնկրետ ժամկետի մասին դրույթի։ Մինչդեռ ամենակարեւոր հարցը հենց դա պետք է լիներ՝ հստակ սահմանելու համար, թե երբ է այն կայանալու։ Եթե վեցյակի նախագծի դեպքում խնդիրն այդքան էլ չի կարեւորվում, որովհետեւ խորհրդարանն ամենայն հավանականությամբ հենց առաջին ընթերցմամբ կտապալի այն, ապա նախագահի ներկայացրած տարբերակի դեպքում բացթողումն առավել քան ուշագրավ է», - ուշադրություն է սրում մեկնաբանը։ - «Մի կողմից այն մանեւրելու տեղիք է տալիս, մյուս դեպքում սահմանադրական առողջ բարեփոխումների համար երաշխիքներ չի ապահովում»։

Այն, ինչ տեղի ունեցավ շաբաթ օրը «21-րդ դար» կուսակցության երրորդ արտահերթ համագումարի ժամանակ, որոշ փորձագետների կարծիքով, շատ լուրջ քաղաքական էֆեկտ կարող է ունենալ: Հիմք դրվեց անհամեմատ մրցունակ քաղաքական դաշինքի ստեղծման, - իմաստավորված է «Հայկական ժամանակ»-ում:

Դաշնակցական պատգամավոր Կիմ Բալայանը նույն առիթով «Հայոց Աշխարհ»-ում ասում է. - «Նախկին նախագահը քաղաքական հաշվարկների առումով վատ կանխատեսող չէ... Անցած տարիներին ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, եւ հասարակության մեջ այսօր չկա այն բարոյական մթնոլորտը, որը նրանց կարգելեր իշխանության վերադարձի փորձ կատարել»: Բալայանի կարծիքով, սակայն, այս գործընթացները կարող են «հետապնդել հասարակության համար անտեսանելի, բայց ՀՀՇ-ի հետ իրական կապի մեջ գտնվող, նույն գաղափարախոսությամբ եւ գործելակերպով առաջնորդվող ուժի իշխանության բերելու նպատակ: Անձամբ իր՝ Տեր-Պետրոսյանի իշխանության գալը ես բացառում եմ»: «Օր» թերթի ունեցած տեղեկություններով, Տեր-Պետրոսյանին համոզելու ինտենսիվ աշխատանք է տարվում, իսկ վերջինս դեռեւս մտածում է:

«Օտարների մեջ օտար, յուրայինների մեջ յուրային» վերնագրի տակ է «Գոլոս Արմենիի» թերթը նայում Ռոբերտ Քոչարյանի նախագահության 4 տարիներին՝ շեշտադրելով. «Ամենագլխավորը, ինչն այսօր կարելի է համարել նրա վաստակը, հետեւողականորեն երկրում հհշական ամենաթողությունը բացառող մթնոլորտի ձեւավորումն է»: Մեկնաբանի արժեվորմամբ, Քոչարյանը նաեւ ապացուցեց, որ լավ կյանքի համար Արցախը հանձնել պետք չէ:

«Երկիրը արագացնում է տնտեսական զարգացման շրջապտույտները», - նշվում է «Գոլոս Արմենիի»-ում: - «Միեւնույն ժամանակ, ներքին շուկայում չկան ազատ մրցակցության պայմաններ, պահպանվում է կյանայնությունը, ստվերի դեմ պայքարը միայն խոսքերով է, օրենքը նախկինի պես միայն թույլերի դեմ է աներեր, իսկ ուժեղներից ընկրկում է»:

«Դրամի արժեզրկումը արդեն սկսել է ազդել գների կայունության վրա», - արձանագրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Ըստ էության, Կենտրոնական բանկը հրաժարվում է դրամի զսպողական քաղաքականությունից՝ աստիճանաբար նպատակ ունենալով հասնել շուկայում առաջարկի եւ պահանջարկի իրական հարաբերակցության հաստատման: Սա, թերեւս, պայմանավորված է մի կողմից բանկային համակարգում գոյություն ունեցող բացասական երեւույթներով, մյուս կողմից՝ կապված է զուտ տնտեսական գործընթացների հետ: Հայաստանի տնտեսությունը հասել է մի վիճակի, երբ արտադրական ծավալների ավելացումը հնարավոր է միայն արտահանման մեծացման հաշվին: Այնինչ, մասնագետների կարծիքով, ի տարբերություն հիմնական գործընկեր երկրների, Հայաստանում արձանագրվող ցածր սղաճը խոչընդոտում է արտաքին շուկաներում հայկական ապրանքների մրցունակությանը»:

«Բայց դրամի փոխարժեքի անկումը, մյուս կողմից, բացասաբար է անդրադառնում այն տնտեսվարողների վրա, որոնք աշխատում են հիմնականում ներքին շուկայում: Այնպես որ», - ամփոփված է «Հայոց Աշխարհ»-ում, - «Միանշանակ չի կարելի դատել տնտեսության վրա փոխարժեքի անկման եւ սղաճի հնարավոր ազդեցությունների մասին: Տնտեսության բոլոր մասնակիցներին կարող են ձեռնտու լինել միայն դրանց չափավոր դրսեւորումները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG