Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդարանական ուժերը դժգոհ են Հեռուստառադիոյի հանձնաժողովի որոշումից


Ազգային ժողովում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերը դժգոհ են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի այսօրվա որոշումից, որով «Շարմ» ընկերությանը արտոնագիր տրամադրվեց այն հաճախականության համար, որով եթեր էր դուրս գալիս «Ա1+»-ը:

Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե ինքը չի կարող միջամտել, քանի որ հանձնաժողովն անկախ է: Իսկ «Ա1+»-ը, որի կապիտալը, ըստ Արմեն Խաչատրյանի, նրա օպերատիվությունն է եւ ունեցած լսարանը, դեռ հնարավորություններ ունի, քանի որ «կան ազատ ալիքներ, որտեղ կարող է մասնակցել մրցույթի»:

Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ՀԿԿ-ն կմիանա՞, արդյոք, բողոքի ալիքին, եթե այդպիսին բարձրանա, ասաց. «Հարցերը պետք է լուծվեն ոչ թե բողոքներով, այլ օրենքներով»:

Շատ ավելի կտրուկ էր ԱԺՄ նախագահ, պատգամավոր Վազգեն Մանուկյանի գնահատականը: «Խայտառակություն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մանուկյանը: - «Դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի հստակ կարգադրություն է եղել, որպեսզի «Ա1+»-ը փակվի»:

Մանուկյանի հետ համաձայն չէ Դաշնակցություն խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը: «Ես համաձայն չեմ, որ դա նախագահի հրահանգով էր», - ասաց Պետրոսյանը: - «Ես մտածում եմ, որ դա հանձնաժողովի ոչ հմուտ աշխատանքի հետեւանքով էր»:

«Իրար հետ մրցում էին անհամեմատելի, տարբեր ժանրերի ընկերություններ», - ավելացրեց դաշնակցական պատգամավորը՝ լիովին կիսելով կինոգետ, Հայաստանի գրողների միության քարտուղար Դավիթ Մուրադյանի տեսակետը, թե սա նույնն էր, եթե մեկն Օսկարի ներկայացներ պատրաստի ֆիլմ, իսկ մյուսը՝ դրա սցենարը:

«Իրավունք եւ միաբանություն» խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի կարծիքով, «կատարվում է քաղաքական պատվեր»՝ երկրի նախագահի ձեռքում հեռուստատեսության եւ ռադիոյի դաշտը կառավարելու բոլոր լծակները կենտրոնացնելու նպատակով:

Բաբուխանյանի կարծիքով, հանձնաժողովը «Ա1+»-ը փակելու առաջադրանք էր ստացել: «Այն միակն էր մեր եթերում, որը իրեն թույլ էր տալիս քննադատել երկրի ղեկավարին», - փաստարկեց պատգամավորը: - «Սա թուլության նշան է, որովհետեւ թույլ իշխանությունն է միայն այդպիսի քայլի գնում»:

«Ազգային միաբանության» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը դատապարտեց նման քաղաքականությունը՝ համերաշխություն հայտնելով «Ա1+»-ին իր պայքարում՝ հետագա զարգացումների պատասխանատվությունը դնելով նախագահի եւ վարչակազմի վրա:

ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) քարտուղար, պատգամավոր Ստեփան Զաքարյանը հայտարարեց, որ սահմանադրական վեցյակի կուսակցությունները, ինչպես նաեւ Սոցիալիստական ուժերի միությունը ապրիլի 5-ին բողոքի զանգվածային ակցիա են նախաձեռնել՝ «ընդդեմ լրատվամիջոցների դեմ բռնությունների»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG