Մատչելիության հղումներ




Երկուշաբթի առավոտյան գլխուղեղի կաթվածից մահացել է «Արարատ»-ի «ոսկե կազմի» կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Կովալենկոն:

58-ամյա նախկին ֆուտբոլիստի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր երկու օր առաջ՝ նախկին թիմակից Հովհաննես Զանազանյանի ավտոմեքենայում: Հիվանդանոց տեղափոխված Կովալենկոն մահացել է այսօր առավոտյան՝ առանց գիտակցության գալու:

Ալեքսանդր Կովալենկոն «Արարատ»-ի հիմնական կազմում կենտրոնական պաշտպան էր 1960-ականներից: Նա «Արարատ»-ի կազմում ամենաշատ հադիպումներ անցկացրած ֆուտբոլիստներից էր: Խորհրդային Հայաստանի հիմնական թիմի կազմում Կովալենկոն նվաճել է ԽՍՀՄ առաջնության «փոքր» ոսկե մեդալ՝ երբ «Արարատ»-ը իրավունք նվաճեց հանդես գալու բարձրագույն լիգայում: 1973-ին՝ «Արարատ»-ի աստեղային տարում՝ Կովալենկոն արժանացավ ԽՍՀՄ չեմպիոնի եւ գավաթակրի կոչմանը: 1975-ին ԽՍՀՄ գավաթը կրկին նվաճած թիմի հիմնական խաղացողներից էր:

Վերջին տարիներին Ալեքսանդր Կովալենկոն ապրում էր Մոսկվայում, սակայն անցած տարի վերադարձել էր Երեւան եւ աշխատում էր որպես «Սպարտակ- 2» ֆուտբոլային թիմի պետ:

Նա պատրաստվում էր մասնակցել «Արարատ-73»-ի մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ ապրիլի 21-ին Երեւանում անցկացվելիք «Արարատ -73» - «ԽՍՀՄ հավաքական» վետերանների հանդիպմանը:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG