Մատչելիության հղումներ

«21-րդ դար» կուսակցությունը միաձուլվեց ՀՀՇ-ին





Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) եւ «21 -րդ դար» կուսակցության միավորումը շաբաթ օրը շնորհավորելու էր եկել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Որեւէ հայտարարություն նախկին նախագահը չարեց, սովորականի պես հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, սակայն նրա ներկայությունն իսկ վկայում է, որ Տեր-Պետրոսյանը ողջունում է աջ ազատական ուժերի վերամիավորման շարժումը:

«21-րդ դար» կուսակցությունը իր 3-րդ արտահերթ համագումարում այսօր որոշեց ինքնալուծարվել եւ միանալ Հայոց համազգային շարժմանը: Սա կարելի է համարել առաջին քայլը աջ ազատական ուժերի վերամիավորման ճանապարհին:

Ինքնալուծարված կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը համոզմունք հայտնեց, որ իր 350-400 կուսակիցների մեծ մասը կանդամակցի ՀՀՇ-ին: Ինքը Շահնազարյանը արդեն ՀՀՇ-ի շարքային անդամ է:

Համագումարին ներկա էին նախկին իշխանությունը ներկայացնող բազմաթիվ գործիչներ: Ներկա չէին ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանը այսօրվա միավորումն անվանեց պատմական ակցիա: «Վստահ եմ, որ «21-րդ դար»-ի օրինակին կհետեւեն մեր այլ համախոհները», - ասաց Արզումանյանը, ավելացնելով, որ ուրիշ կուսակցույունների հետ միավորվելուն ուղղված կոնկրետ բանակցություններ ներկայումս չեն վարվում, սակայն ՀՀՇ-ի դռները բաց են բոլոր լիբերալ կուսակցությունների առջեւ:

ՀՀՇ-ածին մեկ այլ՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանի խոսքերով՝ «այլընտրանք այս միավորումը չունի, բոլորս պետք է միավորվենք»:

Վերջերս մամուլում շրջանառվում է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է վերադառնալ քաղաքական ասպարեզ: Հարվարդի համասլարանի գիտական կենտրոնում ապրիլի 20-ին նախատեսված նրա դասախոսությունը դիտվում էր որպես նախկին նախագահի առաջին հրապարային ելույթը 1998 թվականի իշխանափոխությունից հետո:

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանը, սակայն, այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նախկին նախագահը Միացյալ Նահանգներ չի մեկնելու:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG