Մատչելիության հղումներ

logo-print

Տնտեսական ծանր վիճակը Հայաստանում լրատվամիջոցների զարգացման ամենամեծ խոչընդոտն է


Ըստ մարտի 26-ին հրապարակված Լրագրողների պաշտպանության կոմիտեի 2001 թվականի զեկույցի, աղքատությունը, բեւեռացված քաղաքական դաշտն ու անկատար օրենսդրությունը Հայաստանի լրատվամիջոցներին թողնում են իշխանավորների ու հարուստ հովանավորների բարեհաճության հույսին:

«Տնտեսական ծանր վիճակը Հայաստանում լրատվամիջոցների զարգացման ամենամեծ խոչընդոտն է», ֊- ասվում է զեկույցում: - «Գովազդը շահույթի աննշան աղբյուր է: Սրա արդյունքում, լրագրողները՝ հարուստ պատրոնների ֆինանսական հովանավորության դիմաց ինքնագրաքննում, մեղմացնում են իրենց նյութերը: Քաղաքականապես բեւեռացված այս երկրում նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա աջակիցները վերահսկում են առաջատար լրատվամիջոցները, ներառյալ Հանրային հեռուստատեսությունը՝ ամբողջ երկրում սփռվող միակ հեռուստաալիքը»:

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ զրպարտությունը Հայաստանի օրենքներով դեռեւս քրեական հանցագործություն է, որի համար նաեւ ազատազրկում է նախատեսված: Զեկույցում վկայակոչված չէ, բայց փորձը Հայաստանում ցույց է տալիս, որ այդ հոդվածի հետ պետք է հիշատակել նաեւ քրեական օրենսգրքի՝ «Վիրավորանք» հոդվածը, որի համար ազատազրկում նույնպես նախատեսվում է:

2002-֊ին արդեն ունենք նախադեպը. «Հայկական Ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի հանդեպ այդպիսի քրեական մեղադրանք առաջադրված է, նախաքննություն է ընթանում: Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե գործն ինչ ընթացքի մեջ է:

Մեկնաբանություններ չտվեց նաեւ Կենտրոն համայնքի դատախազի ավագ օգնական Սերգեյ Աբրահամյանը, որի վարույթում է քրեական գործը՝ ասելով ընդամենը, որ նախաքննությունը ընթացքի մեջ է:

Ըստ զեկույցի, աշխարհում 2001 թվականին 37 լրագրող է սպանվել,118֊-ը՝ բանտ նետվել: Կազմակերպության գործադիր տնօրեն Աննա Կուպերն ասում է, որ 2001֊-ին սպանված լրագրողների մեծ մասն այդ բախտին է արժանացել մասնագիտական պարտքը կատարելու համար:

Զեկույցը լրագրողների համար ամենավտանգավոր երկրների շարքում ներառել է Ալժիրը, Ռուսաստանը եւ Կոլումբիան: 1992-֊ից ի վեր Ալժիրում՝ 60, Ռուսաստանում՝ 34, Կոլումբիայում՝ 29 լրագրող է սպանվել:

Բանտարկված լրագրողների թիվը 2001֊-ին հասել է 118-֊ի: 2000-֊ին ավելի քիչ էր՝ 81: Այս ցուցանիշով, արդեն երրորդ տարին է, որ համաշխարհային ռեկորդակիրը Չինաստանն է. անցած տարի այս երկրում 35 լրագրող է բանտարկվել:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG