Մատչելիության հղումներ

Բացվեցին մրցույթի ներկայացված հայտերի փաթեթները





Հայաստանյան «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը, որը առավել հաճախ է եթերաժամ տրամադրում ընդդիմադիր գործիչներին, առաջիկա յոթ տարիներին իր զբաղեցրած կապուղուց օգտվելու իրավունքը պիտի նվաճի մրցույթով: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը այսօր բացեց մրցույթի ներկայացված հայտերի փաթեթները: Նույն կապուղու համար հայտեր են ներկայացրել եւս երկու հեռուստաընկերություն՝ «Շարմ» եւ «Դոֆին Թի Վի»: Ինն անդամից բաղկացած հանձնաժողովը հաղթողին քվեարկությամբ որոշելու է ապրիլի 2-ին:

«Շարմ» եւ «Դոֆին Թի ՎԻ» ընկերությունները իրենց առաջարկություններում ավելի մեծ ներդրումներ են խոստանում, քան «Ա1+»-ը:

«Մենք շատ լուրջ ընկերներ ունենք բիզնեսի աշխարհում», - ասաց «Շարմ» ընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանը: «Շարմ»-ը մեկ տարի հետո խոստանում է շուրջօրյա եթեր, խոստանում է արբանյակային կապի միջոցով ընդարձակել հեռարձակման դաշտը: Ներդրումների ընդհանուր գումարը կկազմի 1,8 մլն դոլար: Օրենքը պահանջում է 2005֊-ին անցնել բարձր չափանիշների սարքավորումների, իսկ «Շարմ»-ը, ընկերության նախագահի խոսքերով, դրանով կսկսի:

«Դոֆին Թի Վի»-ի ներդրումներն ավելի պատակռելի են: Ինչպես ասաց ընկերությունը ներկայացնող Հասմիկ Աղամյանը, դրանք կկազմեն 3,2 մլն դոլար: Ընկերությունը պայմանագրեր է կնքել իր չորս ռազմավարական գործընկերների հետ: Աղամյանը, սակայն, հրաժարվեց տալ դրանց անունները:

Ֆինանսական առումով ամենահամեստը «Ա1+»-ի առաջարկներն էին: Ցուցադրվեց հեռուստաընկերության մասին պատմող ֆիլմ:

«Մեր ռազմավարությունը 15 տարվա համար էր մշակված, եւ մենք կարծում ենք, որ նախորդ հինգ տարիները մեծ փորձաշրջան էին, եւ էքսպերիմենտը ստացվել է», - ասաց «Այբ ՖԵ» լրատվական գործակալության աշխատակից Ռուզան Ամիրջանյանը: - «Անժխտելի է, որ մենք ունենք մեր հավատարիմ լսարանը»:

Մամուլում շրջանառվում էր, թե մրցույթի անցկացումը նպատակ ունի եթերից զրկել «Ա1+»-ին, որ Հեռուսատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների վրա, որոնց նշանակում է հանրապետության նախագահը, ճնշումներ են գործադրվում նախագահի աշխատակազմից: Ռոբերտ Քոչարյանը, սակայն, երեքշաբթի օրը հերքեց դա:

Հանձնաժողովը որոշում կկայացնի ապրիլի 2֊-ի նիստում՝ քվեարկությամբ: Հաղթելու համար անհրաժեշտ է ստանալ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 9 անդամներից առնվազն 6֊-ի քվեն:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG