Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան զորակայանի դուրսբերումը պայթյունավտանգ իրավիճակ կստեղծի Ջավախքում


Ախալքալակ, Վրաստան, 28-ը մարտի («Ֆրանս Պրես» գործակալություն). - Այս քաղաքի մոտ գտնվող ռուսաստանյան զորակայանը, որը խորհրդային մնացուկ է ՆԱՏՈ-ին անդամակցել ձգտող եւ իր տարածքում ամերիկյան զինվորականներ ունեցող արեւմտամետ Վրաստանում, նախատեսվում է փակել:

Այլ կերպ են մտածում, սակայն, տեղի բնակիչները, որ հիմնականում հայեր են: «Եթե ռուսական զորքերը հեռանան, ապա պատերազմ կսկսվի: Հարյուր տոկոսով համոզված եմ», - ասաց քաղաքի շուկայում տարադրամի փոխանակման կետի աշխատակից Հակոբը:

Ռազմակայանը, որը Խորհրդային Միության փլուզումից հետո ժառանգել է Ռուսաստանը, մեկն է Վրաստանի տարածքում եղած չորս ռազմակայաններից, որոնք Ռուսաստանը պարտավորվել է փակել՝ ըստ երեք տարի առաջ Ստամբուլում ստորագրված պայմանագրի:

Գործընթացը, սակայն, ընթանում է բազմաթիվ բարդություններով: Առայժմ Ռուսաստանը հանել է ռազմակայաններից երկուսը միայն, իսկ ռուսաստանյան բոլոր զորամիավորումների դուրսբերման ժամանակացույցի շուրջ սակարկությունը շարունակվում է:

Սակայն երբ ռուսները դուրս գան Ախալքալակից (իսկ Վրաստանի կառավարությունը պնդում է այդ), դա, շատերի պնդմամբ, կարող է բորբոքել այստեղ մեկ դար ի վեր խմորվող էթնիկ լարվածությունը:

«Պիտի ասեմ՝ իրավիճակը պայթյունավտանգ է», - ասաց անանուն մնալ ցանկացած վրացի մի պաշտոնյա: - «Դա Խորհրդային Միության թողած դանդաղ գործողության էթնիկական ռումբերից է»:

Ախալքալակը, որ Վրաստանից բաժանված է լեռնաշղթայով, տնտեսապես վերապրելու առումով այն աստիճան է կախված ռազմակայանից, որ այստեղ հիմնական դրամը որ թե վրացական լարին է, այլ ռուսական ռուբլին:

Քաղաքում արդյունաբերություն չկա, եւ ռազմակայանում աշխատող տեղի 1500 բնակիչներին վճարվող աշխատավարձը բազմաթիվ ընտանիքների համար միակ եկամուտն է:

«Այս քաղաքի համար ռուսաստանյան ռազմակայանը թթվածնի դեր է կատարում: Եթե այն փակվի, այստեղ ոչինչ չի մնա», - ասաց տարադրամի փոխանակման կետի մեկ այլ աշխատակից Աշոտը:

Առաջին հայացքից, Ախալքալակի խնդիրները, եթե ռուսները հեռանան, զուտ տնտեսական են: Իրականում դրանք շատ ավելի խորն են: Քաղաքի 12 հազար բնակիչների 96 տոկոսը հայեր են, որոնցից շատերի ծնողները հարավային Վրաստան են փախել 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայկական ջարդերի ժամանակ:

Նրանք հավատում են, որ ռուսական ռազմակայանը իրենց պաշտպանում է Թուրքիայից, որի սահմանը ընդամենը 35 կիլեմոտր հեռավորության վրա է: Նրանք նման վստահություն չեն տածում վրացական զինվորականների նկատմամբ, որոնք պիտի կատարեն այդ աշխատանքը ռուսների հեռանալուց հետո:

«Մեզ համար ռուսների ներկայությունը նշանակում է խաղաղություն: Նրանք մեր անվտանգության երաշխիքն են», - ասաց Ախալքալակի քաղաքային խորհրդի փոխնախագահ Դեբոյանը: - «Ինչ կլինի եթե ռուսները հեռանա՞ն: Պետք է հաշվի առնել, որ Թուրքիան մինչեւ օրս չի ընդունել ցեղասպանությունը: Դա ինչ-որ բան նշանակում է, չէ՞»:

Լարվածության բարձրացմանը նպաստում է նաեւ այն, որ տեղի բնակիչները մտավախություն ունեն, որ Ստալինի օրոք տեղահանված, այսպես կոչված, Մեսխեթի թուրքերին Վրաստանի կառավարությունը առաջարկելու է վերաբնակվել այստեղ:

Հայաստանի կառավարությունը բավականին մտահոգված է Ախալքալակի հայության ճակատագրով, եւ մի քանի անգամ բարձրացրել է հարցը Վրաստանի կառավարության առջեւ:

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Ռալֆ Էկյասը այս տարվա փետրվարին այցելել է Ախալքալակ՝ ծանոթանալու տեղի բնակչության մտահոգություններին:

Ճնշմանն ի պատասխան, Վրաստանի կառավարությունը խոստացել է իրականացնել ներդրումների հատուկ ծրագիր՝ ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերումից հետո քաղաքում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով:

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերումը հնարավորին չափ պակաս ցավոտ անցնի», - ասել է Թեյմուրազ Մոսիաշվիլին, որը Վրաստանի նախագահ Շեւարդնաձիե ներկայացուցիչն է տարածաշրջանում:

Ախալքալակի շուկայում, սակայն, քչերն են նրան հավատում: «Շեւարդնաձեն ուզում է հեռացնել ռուսներին եւ նրանց փոխարեն այստեղ թուրքական ռազմակայան տեղադրել», - ասաց գործազուրկ Միշա Սերոբյանը: - «Մենք չենք ուզում, որ այդպես լինի: Այստեղ բոլորս հայ ենք»:


Քրիստիան Լովե

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG